Լրահոս

13.08.2016 14:43


Կ.Անդրեասյան. «Մեզ մոտ քաղբանտարկյալների թիվը ավելի շատ է, քան Ադրբեջանում»

Կ.Անդրեասյան. «Մեզ մոտ քաղբանտարկյալների թիվը ավելի շատ է, քան Ադրբեջանում»

«Ասպարեզ»-ի զրուցակիցն է մարդու իրավունքների 3-րդ պաշտպան, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը.

-Կարեն, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքի պաշտպանվածությունը:

-Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը վատ վիճակում է գտնվում: Հուլիսի 29-ից հետո կարելի է ասել, որ Հայաստանն արձանագրեց հսկայական հետընթաց: Վերջին 5-6 տարիների ընթացքում, որ ունեինք դրական տեղաշարժ, այդ օրերի խայտառակ դեպքերից հետո զրոյի հավասարվեց:

-Ինչո՞վ է պայմանավորված իրավունքների հաճախակի ոտնահարումը:

-Երբ իշխանությունները իրական վտանգ են տեսնում, որ ժողովրդավարական գործընթացը կարող է բերել հստակ արդյունքի, մոռացվում են մարդու իրավունքները: Այն տրորվում է այնպես, ինչպես բռնապետական կամ ոստիկանական պետությունում: Որքան իշխանությունը ցանկանում է իրեն բռնի ու կոպիտ պահել, այնքան ավելի սուր արձագանք է լինելու հասարակության կողմից: Պետք չէ զարմանալ, որ «Սասնա ծռերի» այդ զինված հարձակումը պատճառ էր բազմաթիվ իրավախախտումների: Շատ բռնաճնշումներ հնարավոր է, որ բերեն էլ ավելի նման իրավիճակների ստեղծման, ոստիկանության եւ մյուս ուժերով ճնշել մարդու իրավունքները. ավելի տագնապալի հարված իշխանությունը ստանում է իր գլխին` իր իսկ կիրառած ճնշումների համար:

-Ո՞ր կառույցն է ավելի հաճախ խախտում մարդու իրավունքը:

-Որեւէ կառույցի պետք չէ մեղադրել, երբ կա իշխանության բարձրագույն օղակի կամք՝ ճնշել ժողովրդավարական զարգացումը Հայաստանում: Բոլոր խնդիրները իշխանության վերնախավում են:

-Նույնիսկ նախագահի՞ մակարդակով:

-Այն մակարդակով, որտեղից հրահանգները իջեցվում են բոլոր կառույցներին:

-Մարդու իրավունքների խախտման թվով Հայաստանը տարածաշրջանում ի՞նչ հորիզոնականում է գտնվում:

-Քաղբանտարկյալների թվով մենք զիջում էինք Ադրբեջանին, որտեղ ավելի անտանելի վիճակում էր գտնվում մարդու իրավունքների պաշտպանությունը: Այսօր, ցավոք, մեզ մոտ քաղբանտարկյալների թիվը ավելի շատ է, քան Ադրբեջանում: Հարեւան Վրաստանը մեզ արդեն հաղթել է այս «մրցույթում»՝ բռնությունների քիչ թվով, իսկ հուլիսի 29-ից հետո մենք տարածաջրջանում վատթարագույններից ենք:

Մանրամասները՝ «Ասպարեզ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը