Տնտեսական

11.08.2016 16:55


Կասեցվում է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու գործընթացը

Կասեցվում է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու գործընթացը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 11.08.2016 թ.-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Որոշմամբ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը կասեցվում է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու գործընթացը:

Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը օտարերկրացի աշխատողի համար գործատուներին տրված աշխատանքի թույլտվությունները կշարունակեն գործել ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ընթացքում և վերականգնումից հետո, բայց ոչ ավել, քան աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:

Այն օտարերկրացիները, որոնց համար մինչև որոշումն ուժի մեջ մտնելը գործատուների կողմից օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել են աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումներ, կարող են աշխատել ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության, իսկ ներկայացված դիմումները կվերադարձվեն դիմումատուին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը