Հարցազրույց

25.10.2010 09:41


Հայկ Խանումյան.

Հայկ Խանումյան.

Հարցազրույց «Արցախի եվրոպական շարժում» (Արցախ, Ստեփանակերտ) ՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Խանումյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ԼՂ-ի հարցի առնչությամբ։

-Ես գտնում եմ, որ վերջին շրջանում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Արցախն ուղղակի որպես օբյեկտ են դիտում, և սա ինձ խիստ անհանգստացնում է։ Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է մի քիչ ավելի տեղ թողնի Արցախի համար, Արցախի ակտիվության համար։ Երբ Արցախի պետական համալասարանի քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին հարցրեցի՝ ո՞վ է ԼՂՀ արտգործնախարարը, մի աղջիկ պատասխանեց՝ Շավարշ Քոչարյանը։ Պարզ է. որովհետև Արցախի մասին խոսող ամենամեդիականացված գործիչը հենց Շավարշ Քոչարյանն է։ Հետևաբար, նույնիսկ Արցախում Արցախին չեն տեսնում այս գործընթացում։ Պարզվում է, որ գլխավոր մեղքը հենց ՀՀ-ինն է, սա իր քաղաքականության արդյունքն է։

-Այսինքն, պետք է Արցախին ներգրավեն բանակացային գործընթացո՞ւմ։ Այդպե՞ս եք Արցախի դերակատարման բարձրացումը տեսնում։

-Չէ, ուղղակի պետք է Արցախի անունից Շավարշ Քոչարյանը հայտարարություն չանի, Արցախի պաշտպանության նախարարության փոխարեն ՀՀ ՊՆ-ն հայտարարություն չանի։ Պետք է հստա՛կ դրվի Արցախի՝ սուբյեկտին բնորոշ բոլոր հատկանիշները։

-Ըստ Ձեզ՝ Հայաստանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությունն ի՞նչ հետևանքներ ունեցավ արցախյան հարցի համար։

-Ես ընդհանրապես «ֆուտբոլային» դիվանագիտության մասին այս կարծիքին եմ՝ բնականաբար, այն առնչվում էր արցախյան հարցի հետ, թեև Հայաստանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ դա իր պրոտոկոլային արտացոլումը չգտավ, բայց մի բան հստակ էր՝ այդ դիվանագիտության կայացման դեպքում (սահմանների բացման և այլն) ստեղծվում էր մի անվտանգ տարածք, մի վիճակ, երբ օտարերկրյա ներդրումներն ավելի են մեծանում, ինֆրաստրուկտուրային և այլ ներդրումներ էին կատարվում, ինչը նշանակում էր պատերազմի բացակայություն կամ համենայնդեպս բավականին թանկություն։ Վստահաբար, Ադրբեջանը պետք է հիստերիկ արձագանքեր դրան, ինչն էլ արեց։ Այսինքն, վերջնական «ստատուս քվոյի»՝ ներկայիս իրավիճակի սառեցում։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն իրականում նշանակում էր դա։

-Այսինքն, փաստորեն կողմնակի՞ց եք «ֆուտբոլային» դիվանագիտությանը։

-Դրական արդյունքը դա էր լինելու այդ ելքի դեպքում, բայց հենց սկզբից էլ պարզ էր, որ Թուրքիան ուղղակի դրա վրա խաղում է։ Եվ շատ լավ է, որ Հայաստանի դիվանագիտական զինանոցում այլընտրանքները գտնվեցին։

-Չե՞ք կարծում, որ «ֆուտբոլային» դիվանագիտության պատճառով Թուրքիան ակտիվորեն և անմիջականորեն ներգրավվեց ղարաբաղյան բանակցային գործընթացում, ու արդեն ում հետ պատահում է՝ Ղարաբաղի հարցն է քննարկում։ 

-Այդպես չեմ կարծում։ Ղարաբաղի հարցը բարձրացնելը չի նշանակում, թե ղարաբաղյան բանակցությունների մաս են կազմում։ Համաձայն եմ մեր քաղաքագետներից մեկի այն տեսակետի հետ, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը Արցախում վախեր սերմանեց, և այդ վախերը ստիպում են երկրին կծկվել, ավելի կարծրանալ։

-Ինչի՞ց են վախենում։

-Հայաստանի նախաձեռնած նորարարությունից՝ փոփոխությունից։ Ընդհանրապես, Արցախը փոփոխություններին մի քիչ պահպանողական է արձագանքում, և ամեն փոփոխություն, ամեն նոր քայլ վախ է առաջացնում Արցախում։ Եվ այս քայլը նույնպես թե՛ հասարակական, թե՛ քաղաքական շրջանակների մոտ կասկածանքով ու վախով ընդունվեց։

-Ըստ որոշ կանխատեսումների՝ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է՝ ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր ստորագրվի։ Դո՛ւք ինչ եք կարծում։

-Ես այն կարծիքին եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության՝ որևէ խնդիր ԼՂՀ-ի վերաբերյալ չպետք է լուծվի։ Հայաստանն ու Ադրբեջանը թող կնքեն։ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցելու բան ունի. Հայաստանը նույնպես տարածք է կորցրել՝ Արծվաշենը։ Թող շրջանակային պայմանագիր կնքի, օրինակ, Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու վերաբեյալ։ Բայց Արցախի վերաբերյալ հարցերը, վստահաբար, Արցախի ժողովո՛ւրդն է որոշում՝ իր իշխանությունների միջոցով։

-Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ ՄԽ անդամների ԼՂՀ մտնելը Ադրբեջանի կողմից և նրանց իրականացրած դաշտային առաքելությունը։

-Շատ վատ եմ գնահատում, որովհետև կարծում եմ, որ սա այն գինն էր, որը մենք վճարեցինք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգից ադրբեջանական բանաձևի հետքաշման դիմաց։ Ես միանգամայն համաձայն եմ արցախյան քաղքագիտական շրջանակների հետ, որոնք գտնում են, որ Ադրբեջանը չպետք է որևէ իրավունք ունենա Արցախի տարածքում որևէ նախաձեռնություն իրականացնելու, ինչը մենք տեսանք՝ համանախագահների այն խայտառակ հայտարարությունը, որը նույնիսկ կոնֆլիկտային գոտիներում աշխատելու էթիկայի խախտում էր։ Օրինակ՝ Ստեփանակերտը Խանքենդի կոչելը։ Որպես կանոն դիմում են այն տերմիններով, անուններով, որոնք գոյություն են ունեցել մինչև կոնֆլիկտը։ Օբյեկտիվ մոտեցումը դա է, և համանախագահների այս հայտարարության մեջ ընդգծված սուբյեկտիվ մոտեցում եմ տեսնում, թեկուզ հենց այդ պահով։

-ՀՀ խորհրդարանում այս օրերին քննարկվում է ԼՂՀ անկախության ճանաչման մասին հարցը։ Ի՞նչ եք կարծում՝ հիմա դա ժամանակավրե՞պ է։

-Համաձայն եմ այն մտքի հետ, որ Արցախի ճանաչման ուղղությամբ պետք է համակարգված մոտեցում, համակարգված աշխատանք լինի։ Թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի այլ երկրում Արցախի ճանաչմանն ուղղված բոլոր ջանքերը միանշակ պետք է ողջունվեն, բայց կա պրոցեդուրա, որը պետք է անցնենք։ Հայաստանի խորհրդարանն Արցախի հետ վերամիավորման վճիռ կայացրել է, Արցախի վերաբերյալ վերջին վճիռը դա է, բայց կա ինչ-որ պրոցեդուրա, որ պետք է անցնենք այս իրավիճակից ավելի պատրաստված դուրս գալու համար։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը