Լրահոս

03.12.2010 11:13


Եվրախորհրդարանը ՀՀ–ին կոչ է անում տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը

Եվրախորհրդարանը ՀՀ–ին կոչ է անում տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 11-րդ հանդիպման ավարտին ամփոփիչ փաստաթուղթ է ընդունվել, որում Եվրախորհրդարանի անդամները Հայաստանին կոչ են անում բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել:

ՀՀ իշխանություններին նրանք հորդորում են նաև ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունների և հարցաքննությունների գործելակերպը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին:

Ի դեպ, նշենք, որ նախապես շրջանառության մեջ դրված տեքստի 14-րդ կետով կոչ է արվել նաև անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում լրագրողների դեմ բռնություններին վերջ տալու համար: Սակայն հետո այն հանվել է։ Եվրոպացի պատվիրակներից ոմանք պնդել են, թե այդ կոշտ ձևակերպումը հանելու համար պաշտոնական Երևանը ճնշում է գործադրում։ Ի նշան բողոքի՝ Լիտվայի նախկին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը դահլիճից հեռացել է։

Հայկական կողմը ներկայացնող փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ու ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել են այդ կետը փոխարինել հետյևալ նախադասությամբ.

«Կոչ ենք անում արագորեն և մանրակրկիտ կերպով հետաքննել (լրագրողների դեմ հարձակումների) բոլոր դեպքերն ու պատժել մեղավորներին»:

Այս խորագրի վերջին նյութերը