Հարցազրույց

14.12.2009 17:52


Նարեկ Գալստյան.

Նարեկ Գալստյան.

Հարցազրույց  ՍԴՀԿ  «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամ, ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանի հետ։

-Ինչո՞վ էր պայմանավորված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ  անվստահություն հայտնելը։

-Ես կոռեկտություն ունեմ կուսակցության ներքին խնդիրները հնարավորինս քիչ ներկայացնել մամուլին։ Ուղղակի, քանի որ արդեն դանակը ոսկորին էր հասել, և կուսակցության շուրջ (այն էլ՝ հայ իրականության առաջին քաղաքական կուսակցության) նման ձևակերպումներ, հոդվածներ էին տպվում, կուսակցության ներքին խնդիրները հանվում էին մամուլ, կուսակցականների գերակշիռ մեծամասնութունը որոշեց գնալ համագումարի՝ անվստահություն հայտնելով Լյուդմիլա Սարգսյանին։ Մեր խնդիրներն ու պահանջները բազմաթիվ և բազմապիսի են, դրանց մասին մենք կխոսենք համագումարի ժամանակ և հետո վերջնական բանաձևով կներկայացնենք, որը կներառի ոչ միայն Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն հայտնել-չհայտնելու խնդիրը, և, առահասարակ, նրա ապագա կուսակցական գործունեության, այլ նաև կուսակցության քաղաքական գծի շարունակականության հետ կապված խնդիրներ։

-Ի՞նչը չի բավարարում Լյուդմիլա Սարգսյանի գործունեության մեջ։

-Դրանք այնքան շատ են, որ թվարկելը երկար կտևի։ Դրանցից մեկն այն է, որ նա ամիսներ շարունակ կուսակցության ներքին խնդիրները, սեփական կուսակցական ընկերներին վիրավորելու ինստիտուտը մտցրեց մամուլ և մամուլով պատասխանեց։ Երկրորդ՝ ամենայն հարգանք տածելով նրա՝ կուսակցությունում ունեցած դերակատարությանը՝ ես, ինչպես նաև իմ այն կուսակցական ընկերները, ովքեր գնացել են այս գործընթացին, կարծում ենք, որ  Լյուդմիլա Սարգսյանը կուսակցության գաղտնիքները, կուսակցության սրբությունները պահպանելու որևիցե սովորություն չունի, և դրա համար որոշվեց, որ գնում ենք անվստահության։ Նա ուղղակի չկարողացավ պահպանել կուսակցության միասնականությունը, և ինքը սկսեց քայքայել կուսակցությունը։

-Կարելի է ասել, որ կուսակցության ներսում պառակտումնե՞ր կան։

-Ես չեմ կարծում, որ պառակտում կա, որովհետև կուսակցության մեծամասնությունն իր հստակ դիրքորոշումը հայտնել է, և որևիցե խնդիր չկա։ Իրենք կարող են ասել, որ նման կառույցներ, նման մարդիկ գոյություն չունեն, բայց դրա համար, կարծում եմ, պետք է ուղղակի ճանաչել սեփական շարքերը, որոնք տարիներ շարունակ լքված և անուշադրության մատնված են եղել։

-Վարդան Խաչատրյանն ինչ-որ ձևով կապ ունի՞ այս որոշման հետ։

-Չեմ կարծում, որ Վարդան Խաչատրյանի խնդիրն այստեղ որևիցե դերակատարություն ունի. Վարդան Խաչատրյանի խնդիրն արդեն վաղուց լուծված է։

-Այսի՞նքն։

-Նա ՍԴՀԿ անդամ է, ինչպես նաև կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ։ Նրան կուսակցությունից հեռացնելու որոշումը եղել է ապօրինի և հակասահմանադրական, և նրա օծմանը ներկա էր անգամ Լյուդմիլա Սարգսյանը և անձամբ շնորհավորել Վարդան Խաչատրյանին։

-Որոշ ժամանակ առաջ, երբ Դուք  ասել էիք, թե Վարդան Խաչատրյանը շարունակում է մնալ ՍԴՀԿ անդամ, Լյուդմիլա Սարգսյանը Ձեր այդ պատասխանն անվանել էր երիտասարդի էմոցիոնալ խոսք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-Ամենևին չեմ պատասխանի, որովհետև ես չեմ պատրաստվում իջնել այն մակարդակին, որ պատասխանեմ։

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն լուրերը, թե Վարդան Խաչատրյանը իշխանությունների դրածոն է ՍԴՀԿ-ում։

-Դա հիմարություն է. չեմ մեկնաբանի։ Այդ խայծն իջեցրել են այն մարդիկ, ովքեր վախենում են սեփական աթոռից։

-Ձեզ բավարարո՞ւմ է երկրի արտաքին քաղաքականության և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՍԴՀԿ դիրքորոշումը։

-Ես կարող եմ ասել, որ ՍԴՀԿ-ի դիրքորոշումը, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, եղել է բազմաթիվ հայտարարությունների տեսքով, և մեր համագումարում դա նորից կվերաիմաստավորվի։ Մենք դեմ ենք հայ-թուրքական հարաբերությունների նմանօրինակ կարգավորմանը, դեմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններով։ Նախ և առաջ դեմ ենք, քանի դեռ Թուրքիան  չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չի հատուցել այն հարյուրի հասնող տարիների զրկանքների, տառապանքների, ջարդերի, կորուստների համար, որոնք կրել է հայ ժողովուրդը Թուրքիա պետության պատճառով։

-Ի՞նչ ձևաչափով եք շարունակելու ՀԱԿ-ի հետ համագործակցությունը և արդյոք շարունակելո՞ւ եք։

-Ես չեմ կարծում, թե ՀԱԿ-ի հետ համագործակցել-չհամագործակցելու խնդիր կառաջանա։ Համենայնդեպս, մեր կուսակցությունը ստորագրել է դա, և մենք հավատարիմ ենք այդ ստորագրությանը։ Մենք առանձին կուսակցություն ենք, և լինելով ամենատարիքով, ամենաառաջին կուսակցությունը հայ իրականության  մեջ՝ ստեղծման իսկ օրվանից կարողացել ենք մեր դիրքորոշումներն ուրույն և ինքնուրույն արտահայտել՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի հետ ենք գտնվում դաշինքի կամ համագործակցության մեջ։ Որևիցե բան, որը կարող է մեր կուսակցության դիրքորոշումներին խանգարել, չկա և չի էլ կարող լինել։ Մեր կուսակցության դիրքորոշումները պայմանավորված են դարերի խորքից եկող հավատամքով և գաղափարախոսությամբ։ ՀԱԿ-ի հետ համագործակցում ենք երկրում օրինականություն և ժողովրդավարություն հաստատատելու խնդիրների շուրջ։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը