Լրահոս

28.07.2016 16:13


Ալեք Ենիգոմշյանը գոյատևման պայմանների խնդիր ունի

Ալեք Ենիգոմշյանը գոյատևման պայմանների խնդիր ունի

Ալեք Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը «Vesti.am»-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ-ը մեկուսարանում հանդիպել է իր պաշտպանյալի հետ և արձանագրել բոլոր խախտումները: Նրա խոսքով՝ ՄԻՊ-ը տեղում կարողացել է Ալեք Ենիգոմշյանին հետ վերադարձնել ժամացույցը, որը նրա մոտից առգրավել էին:

-Այդ ժամացույցով նա կարողանում էր կողմնորոշվել, թե ժամը քանիսն է: Այդ հարցը լուծվեց, բայց հիմնական հարցերը, ինչպես հասկացա, լուծում չեն ստանա: Ալեք Ենիգոմշյանը գոյատևման պայմանների խնդիր ունի: Նրան պահում են տեսողության խնդիրներ ունեցող և մեկ ձեռքից զրկված մարդու համար չհարմարեցված պայմաններում: ՄԻՊ-ն այժմ փորձում է այդ խնդիրը լուծել,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանն՝ ավելացնելով, որ, իր կարծիքով, այդ հարցը 2-3 օրվա մեջ լուծվող հարց չէ:

Պաշտպանի խոսքով՝ Ալեք Ենիգոմշյանը հնարավորություն չունի ծանոթանալ մամուլին, որովհետև մեր թերթերը բրայլյան այբուբենին հարմարեցված չեն:

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ նախադեպային որոշումներ ունի, երբ թարգմանության իրավունքը չեն ապահովում և դա համարվում է անօրինական գործողություն: Նման պարագայում իրավական ճանապարհն այն է, որ եթե մարդուն անօրինական ձերբակալում են, կարող ենք բողոքարկել դատական կարգով կամ վերադաս դատախազին,- ասաց պաշտպանը:

Ըստ նրա՝ կույր մարդուն անազատության մեջ պահելու փորձ Հայաստանը չունի։ Դատավարական առումով անհրաժեշտ քայլերն էլ արված են:

-Ինչպես կարող է լինել մի մարդու առողջական վիճակը, որին պահում են նման պայմաններում: Նա ո՛չ նորմալ սնվում է, ո՛չ նորմալ ջուր է խմում, ո՛չ քնում է, ո՛չ շարժվում, ոչ էլ շփվում: Նա լրիվ կտրված է արտաքին աշխարհից,-եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը