Քաղաքական

20.07.2016 18:10


Բախում ոստիկանների և ցուցարարների միջև, արցունքաբեր գազ կիրառվեց (ուղիղ միացում, լրացվում է)

Բախում ոստիկանների և ցուցարարների միջև, արցունքաբեր գազ կիրառվեց (ուղիղ միացում, լրացվում է)

Քաղաքացիները շարունակում են մնալ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ՝ Խորենացի փողոցում, որտեղ շուրջօրյա նստացույց է տեղի ունենում։ Նրանց թիվն աստիճանաբար ավելանում է։

Մարդիկ պնդում են, որ դեմ են նոր արյունահեղությանը, և սատարում են Սերժ Սարգսյանի հրաժարականի ապստամբների կոչին։ Քաղաքացիները նաև նշում են՝ այնտեղ են՝ կանխելու նոր բռնություններն ու արյունահեղությունը։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված հարձակում են գործել Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի վրա՝ պատանդ վերցնելով ոստիկանների:

Խմբի անդամները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:

***

Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հիշատակը։

***

Ոստիկանական ուժերի շարժ է նկատվում։ ՊՊԾ գնդին հարող տարածքում նոր ուժայիններ են կուտակվում։ Ոստիկանները սկսում են դիրքավորվել։ Կենդանի պատ է կառուցվում։

***

Ցուցարարների պահանջով ոստիկանները հարակից փողոցում երթևեկությունը դադարեցրեցին։

Հավաքվածները վանկարկում են՝ հե՛–ռա՛–ցի՛ր։

***

Բեռնատարներին է մոտեցվել ոստիկանների ջրցան մեքենան։

***

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներն իրենց մոտ գտնվող պատանդ ոստիկանների հետ պատվո համազարկ են տվել՝ ի հիշատակ զոհված ոստիկանի:

***

Քաղաքացիները սնունդ են հավաքել և խնդրում են ոստիկաններին, որ այն ՊՊԾ գնդում գտնվող իրենց «արյունակից եղբայրներին, զինյալ պայքարողներին, ազգի հերոսներին» հասցնի «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Քաղաքացիները զգուշացրել են՝ եթե պատասխանը դրական չեղավ, իրենք գործողության կդիմեն։

Մոտեցած բարձրաստիճան սպան հայտնել է, որ այս պահին դա հնարավոր չէ անել, քանի որ բանակցություններ են ընթանում։ Հավաքված ժողովուրդը պատասխանելու համար 10 րոպե ժամանակ է տվել ոստիկաններին։

***

–Եթե հասարակությունը վստահում է ինձ դա անել, ես պարտավոր եմ անտրտունջ կատարել հասարակության պահանջը։ Այնտեղ իմ մարտական ընկերներն են, որոնց ես չեմ ուրացել, որոնց հարգում եմ,–ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը։

Լրագրողի հարցին՝ որն է այս վիճակից ելքը, Եղիազարյանը նշել է.

–Ելքը միակն է՝ իշխանությունները վերջապես պետք է խելքի գան, խելքի գան, որ այսպես այլևս հնարավոր չէ. պետք է խոստումներ տան և կատարեն... որ ամեն հայ այս հողի տերը զգա, ոչ թե լույսի մարդուց վախենա, գազի մարդուց վախենա, հարկայինից վախենա, թաղապետարանից վախենա։ Մենք սարսափելի ծանր վիճակի մեջ ենք ընկել՝ պատերազմից հետո մեր հաղթանակից վախեցել ենք։

Ի պատասխան մյուս հարցին՝ ինչ է մտածում հրամանատարը «Սասնա ծռերի» ընտրած մեթոդի մասին՝ Եղիազարյանն ասել է.

–Եթե մեր ժողովրդի գոնե 40–50 տոկոսը իշխանությանը հարգեր–սիրեր, ես կասեի՝ իրենք սխալ են արել, բայց, դուք էլ գիտեք, եթե այդ մարդիկ բոլորն էլ իշխանության հանդեպ բացասական վերաբերմունք ունեն, ես իրավունք չունեմ նրանց դատապարտելու։

***

Ոստիկաններին տրված ժամանակը սպառվեց, սակայն իրավապահներից պատասխան չեղավ։

***

Սնունդ փոխանցելու հարցով չստանալով որևէ սպառիչ պատասխան՝ ցուցարարները հարձակվեցին պատնեշ կազմած ոստիկանների վրա։ Վերջիններին հարվածում են ոտքերով, շշերով և քարերով։ Կրակոցներ են հնչում։

***

Ոստիկաններն անցան ցուցարարներին ցրելու գործողությանը։ Քաղաքացիների սկսեցին բերման ենթարկել։ Արցունքաբեր գազ կիրառվեց։

***

Կան տուժածներ, շտապօգնության մեքենաներ են շրջում, գետնին արյան հետքեր կան։

***

Տեղեկություններ կան, որ բազմաթիվ տուժածներ կան թե՛ քաղաքացիների, թե՛ ոստիկանների մեջ։ Լարված իրավիճակ է նաև Սարի թաղում։

***

Ցուցարարները աղբամաններ են բերում՝ բարիկադ պատրաստելու համար։

***

«Սասնա ծռեր» խմբի անդամները փոխանցել են, որ իրենց մոտ ամեն ինչ հանդարտ է։

***

«7օր»–ի տեղեկություններով՝ աչքի շրջանում լուրջ վնասվածք է ստացել նաև ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը։ Նա տեղափոխվել է Էրեբունու հիվանդանոց։

***

Իրավիճակը լարված է նաև Տիգրան Մեծ պողոտայում. այնտեղ աղբամաններն են շրջել ցուցարարները, փակել են փողոցը։

***

Խորենացի փողոցում են նաև հոգևորականները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բոլորին միասին աղոթել, ինչին ցուցարարներից մեկը հակադարձեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի հավա՞քն ենք ստեղ անում»։ Փաշինյանն էլ վրդովված արձագանքեց. «Չէ՛, մեր հավաքն ա ու պետք ա աղոթք անենք»։

***

ՊՊԾ գնդի տարածքից հրավառություն և կրակոցներ հնչեցին։ Ցուցարարները վանկարկում են՝ Պավ–լի՛կ, Պավ–լի՛կ, և ծափահարում են։

***

Կրկին իրավիճակը լարվեց Խորենացի փողոցում։ Ոստիկանների կողմից շշեր նետվեցին ցուցարարների ուղղությամբ, վերջիններն էլ պատասխանեցին քարերով։ Ցուցարարների մեծ մասը հանգստության կոչեր են հնչեցնում, հորդորում չսադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը