Հարցազրույց

21.10.2010 22:12


Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

Հարցազրույց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ
Արմեն Հովհաննիսյանի հետ

-«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի օրեր առաջ տարածած հայտարարության մեջ նշվում էր, թե իշխանությունները կյանքի են կոչելու այն, ինչ մտադրված էին անել հենց սկզբից։ Ձեր հետագա գործողությունները որո՞նք են լինելու:

 -Մենք ավելի շուտ նշել էինք, որ իրենք խոսք տալով հանրությանը և հայտարարելով, թե «Լեզվի մասին» օրենքը փաթեթից դուրս է գալիս' փաստորեն մտցրել են մի նոր փաթեթ, որտեղ կա և՛ «Լեզվի մասին» օրենքը, և՛ «Հանրակրթության մասին» օրենքը: Մեր դիմադրության ձևերը մոտավորապես հայտնի են. դա լինելու է քաղաքացիական բողոքի, անհնազանդության ձևով: Չորեքշաբթի, երբ ժողով էր,  մենք նայում էինք տարբեր օրենսդրական  ակտեր, և տեսանք, թե ինչ աղաղակող դիսոնանս է մտցնում ամբողջ իրավական համակարգի մեջ: Այստեղ ոչ միայն «Լեզվի մասին» կամ «Հանրակրթության մասին» օրենքներն են, այլև խայտառակ տարաձայնություններ կան արդեն «Կրթության մասին» օրենքի հետ: Այսինքն, ամբողջ երկրի իրավակարգը հարցականի տակ է դրվում, և նվաստացվում է 11 օտարալեզու դպրոցների բացումով: Իհարկե, մեր պայքարը լինելու է բոլոր ճակատներով, այդ թվում նաև իրավական: Տարաձայնությունները և հակասություններն այնքան շատ են, որ շատ հնարավորություններ են բացվում:

-Այսինքն, դատարա՞ն եք դիմելու:

-Այո՛:

-Ընդունումից հետո՞:

-Ընդունման պահին մենք աշխատելու ենք ամեն մի պատգամավորի հետ, որպեսզի դեմ քվեարկի: Ընդլայնելով մեր շարժումը, մենք կանենք ամեն բան, որպեսզի այդ դպրոցները չբացվեն, քանի որ դպրոց բացելը երկուսից երեք տարի է տևում, ամենակարճ ժամկետում նույնիսկ: Մենք կանենք ամեն բան, որպեսզի այդ 2-3 տարում այդ 11-ից որևէ մի դպրոց չհաջողվի բացել: Դա կարող է լինել պրոպագանդա, կարող է լինել դատական գործընթաց, քաղաքացիական ակցիաներ, այդ թվում նաև քաղաքացիական անհնազանդություն, կարող է լինել անհատական աշխատանք այդ դպրոցների բացման ակունքներում կանգնած գործիչների և պետությունների հետ: Լինելու է շատ լայնածավալ աշխատանք: Սա ամենևին չի նշանակում, թե մենք համակերպվելու ենք, որ այդ օրենքն ընդունվի: Ուզում եմ ասել, որ այդ 6 ամսվա կոշմարը, Արմեն Աշոտյանի բառն եմ կրկնում, ոչ թե վերջն է, այլ կուլմինացիան դեռ առջևում է: Մենք ամեն բան կանենք, որ իշխանությունը և բիզնեսային ու օտարերկրա շրջանակները, որոնք իրենց ներդրումն են անում այս ամենի մեջ, հասկանան, որ մեր հանրությունը չի համակերպվի:

-Փաստը ցույց է տալիս, որ այդուհանդերձ' իշխանություններն ինչ ցանկանում են, անում են, և իրենց նպատակին հասնում են: Եթե ենթադրենք, որ ձեր ջանքերը զուր կանցնեն, այդ դեպքում ի՞նչ եք անելու:

-Հուսահատվելու և երկրից հեռանալու հեռանկարը ես թողնում եմ հակառակ կողմին: Անձամբ ինձ համար դա արդեն փակված էջ է, ես այստեղ եմ արժանապատվորեն ապրելու համար: Ում համար հայկական պետության շրջանակները նեղ են, և 21-րդ դարում իրենց համար անհասկանալի է ազգային պետություն ունենալը, իրենք կարող են հեռանալ: Պայքարը լինելու է մինչև վերջ, սա ոչ թե միայն օտարալեզու դպրոցների դեմ, այլև ազգային ազատ պետություն ունենալու համար պայքար է, և հասարակությունը հզորանում է. հասարակությունն այն չէ, ինչ 3 կամ 5 տարի առաջ էր: Ես համոզված եմ, որ ազատ, անկախ և միացյալ հայրենիք կերտելու գործընթացի ելակետային, կարևոր պահերից մեկն ենք ապրում: Ես շատ լավատես եմ, իսկ իրենց հոռետես լինելը ցույց են տալիս իրենց քայլերը, երբ իրենց խոստումներից էլ են հետ կանգնում 20 օրվա ընթացքում: Սա նշանակում է, որ խուճապի ոչ թե մենք ենք մատնվում, այլ հակառակ կողմը: Թող իրենք մտածեն իրենց պահվածքի մասին:

-Հնարավո՞ր է, որ թե՛ այս շարժումը, թե՛ նմանատիպ մյուս շարժումները հետագայում վերածվեն ինչ-որ մի քաղաքական ուժի, միավորվեն մեկ շարժման մեջ:

-Ես սա որպես այդպիսի հնարավորություն չեմ ընկալում, բայց կարծում եմ, որ մեր տիպի բոլոր ուժերը, որոնք կիսում են մի քանի սկզբունքներ (օրինակ «Մենք ենք այս քաղաքի տերը» շարժումը շատ մոտ է իր կառուցվածքով, նպատակադրումներով), պետք է ինչ-որ ֆեդերատիվ շփման մեջ գտնվեն: Դա միանշանակ է: Մենք քաղաքականացված ենք այնքանով, որքանով մեր նպատակները քաղաքական են: Ցանկացած օրենքի ընդունումը քաղաքական ակտ է, ցանկացած որոշման դեմ գնալը քաղաքական ակտ է: Բայց մենք կուսակցականացված չենք, դա կարևոր է, որովհետև օրինակ մեր շարժման մեջ կան շատ տարբեր հայացքներով մարդիկ, և մեկ կուսակցության մեջ նրանց միավորվելը այլ խնդիր է: Այն քաղաքական ուժերը, այն շարժումները, որոնք ազատ և մեր անկախ պետականության գաղափարը կդնեն, որոնց նպատակադրումները մոտ են քաղաքացիական շարժումների նպատակներին, այդպիսի կուսակցություններն ավելի մեծ քաղաքացիական աջակցության հնարավորություն կունենան: Դա միանշանակ է: Ինձ համար դժվար է պատկերացնել իմ ծանոթներից որևէ մեկին հանրապետական կուսակցության ակտիվ դիրքերում: Ես այդ կուսակցության անդամ չեմ, բայց իրականում չի կարելի մի ձեռքով պայքարել հանուն քո ազգային հայրենիքը կերտելու, մյուս կողմից ամեն բան անել, որպեսզի դա չիրականանա:

-Այսինքն ընտրություններին միասնակա՞ն չեք մասնակցելու:

-Ո՛չ, միանշանակ ո՛չ: Ավելին ասեմ, մեր նախաձեռնության շատ անդամներ ամեն մեկը կաշխատի այն քաղաքական ուժի օգտին, ում համակրում է, ում անդամակցում է:

-Ձեր շարժումը և նմանատիպ այլ շարժումները որքանո՞վ են արտացոլում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակն ու ընդհանրապես ներքին կյանքը: Հայելային արտացոլո՞ւմն են' ըստ Ձեզ:

-Հայելայի՞ն, չգիտեմ... Գուցե դա պարզապես շոյում է մեր հավակնությունները, որ մենք մի քիչ ավելին ենք, քան հայելայինը, այսինքն մենք ինչ-որ չափով ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է աշխատել նաև ապագայում: Դա նոր տեխնոլոգիաների կիրառում է, ես նկատի չունեմ տեխնոլոգիաներ համացանցի իմաստով միայն, այլ առաջին հերթին կառավարման, իրար հետ փոխհարաբերակցության, իրար հարգելու, տարբեր կարծիքների մարդկանց նույն նպատակի շուրջ միավորելու: Կարծում եմ, որ սա գոնե կես քայլ առաջ է, և նույնիսկ քաղաքական կուսակցությունները կարող են օրինակ վերցնել: 19-րդ դարում Միացյալ Նահանգներում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները շատ փակ կառույցներ էին, որոնք հավաքվում և տարին մեկ փակ ժողովներում ընդունում էին, թե իրենց թեկնածուներն ովքեր պետք է լինեն: Երրորդ ուժեր կազմավորվեցին, որոնք քննադատում էին այդ պահվածքը, և առաջին անգամ' թեկնածուների ազատ ընտրություններ, և այդ տեխնոլոգիաները դարձան համաամերիկյան: Մենք հուսով ենք, որ այն, ինչ մենք անում ենք, կդառնան համահայկական և կդառնան պահվածքի ստանդարտ:

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը