Լրահոս

11.12.2009 11:53


Սպառողների խնդիրները չեն փոխվել

-Սպառողներն ինչպես միշտ տառապում են՝ հատկապես սննդամթերքի ոչ արժանահավատ ծագման հարցում։ Այսինքն հաճախ ենք տեսնում սննդամթերք, որի վրա պարզորոշ չի երևում ծագումը, օրինականությունը և ժամկետը,- «7օր»-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։

Հաջորդ խնդիրը, որը նա նշել է, գների շարունակական բարձրացումն է, որը սպառողների վրա ծանր է նստում հատկապես նախատոնական ժամանակահատվածում։

Նա նշել է, որ վերջերս վարակների սրացման հետ կապված՝ նկատվում է նաև դեղորայքի գների թանկացում։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե դրանց գները պետք է զսպվեին, ապա Ա.Պողոսյանն ասել է, որ վստահություն չեն ներշնչում ոչ միայն առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, այլև ղեկավարող և կարգավորող մարմինների հայտարարությունները։

Թե ինչպիսին կլինի սպառողների համար 2010թ., Արմեն Պողոսյանը դժվարացել է ասել, սակայն հույս է հայտնել, որ միջազգային ինտեգրումը բոլոր մակարդակներում օրինապաշտ մոտեցում կառաջացնի և կբարձրացնի վստահությունը օրենքի նկատմամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը