Քաղաքական

29.06.2016 13:41


Ստեփան Մարգարյան. «Ազնիվ և արդար ընտրությունների երաշխիքը հասարակական լայն ակտիվությունն է» (տեսանյութ)

Ստեփան Մարգարյան. «Ազնիվ և արդար ընտրությունների երաշխիքը հասարակական լայն ակտիվությունն է» (տեսանյութ)

–Ընտրական օրենսգիրքը չէ, որ ապահովում է ընտրությունների ազնիվ և արդար անցնելը։ Պարզապես լավ Ընտրական օրենսգիրք ունենալու դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների, եթե ապահովվի ընտրությունների ելքը որոշող ամենահիմնական գործոնը՝ հասարակական լայն ակտիվությունը,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը։

–Եթե կա հասարակական բավականին լուրջ վերաբերմունք ընտրությունների հանդեպ, վատ օրենսգրքով ևս կարելի է հասնել արդար, մաքուր ընտրությունների։ Ընտրությունները նորմալ անցկացնելու թիվ մեկ գործոնը հասարակական լայն ակտիվությունն է,– ասել է Մարգարյանը։

Ստեփան Մարգարյանն ընդգծել է, որ նոր ընտրական համակարգն ավելի վատն է, քան ՀՀ–ն ունեցել է նախկինում։

Ստեփան Մարգարյանը դրական փոփոխություն է համարում անձի նույնականացումը մատնահետքերով , որին անձամբ ինքը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության համախոհները կողմ են քվեարկել։

–Սա լավ փոփոխություն է, բայց վատ ընտրական համակարգի առկայության պարագայում. այն դրույթը, որի շուրջ է կատարվում Ընտրական օրենսգրքի առանցքային դերը, ռեյտինգային քվեարկությունն է, ինչը համընդհանուր քաոս է առաջացնելու ընտրությունների ընթացքում,– նշել է Ստեփան Մարգարյանը։

–Ռեյտինգային համակարգի դեպքում կուսակցությունների գաղափարը վերանում է, անհատներն են մրցում, և նույնիսկ նույն կուսակցության անհատները։ Այս պարագայում հնարավոր է, որ կաշխատեն այլ լծակներ՝ ով ինչ հեղինակություն ունի, ով ինչ ֆինանսական լծակներից է օգտվում,–ասել է Ստեփան Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը