Հարցազրույց

29.06.2016 11:41


Գեղամ Նազարյան. «Հայաստանն այս իրավիճակից ոչինչ չշահեց»

Գեղամ Նազարյան. «Հայաստանն այս իրավիճակից ոչինչ չշահեց»

«Zham.am»-ի հարցերին է պատասխանել «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

–Պրն Նազարյան, ռուս-թուրքական հարաբերությունները կարծես թե նոր փուլ են թեւակոխում: Մասնավորապես, այսօր կկայանա Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը:

–Երբ հրապարակվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը, որտեղ նա ցավ էր հայտնում եւ ներողություն խնդրում ռուսական ռազմական օդանավի հետ տեղի ունեցածի համար, արդեն իսկ պարզ էր, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության, թշնամանքի շրջանը մնում է անցյալում:

–Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի համար:

–Առայժմ վաղ է խոսել ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունների մասին: Առայժմ խոսքը գնում է միայն լարվածության եւ թշնամանքի վերացման մասին: Թուրքիան եւ Ռուսաստանն այսօր մի շարք ընդհանուր շահեր ունեն, ինչը նրանց ստիպում է բարելավել հարաբերությունները, բայց չմոռանանք, որ նրանք լուրջ մրցակիցներ են: Նրանք մրցակիցներ են նաեւ Հարավային Կովկասում: Նրանք մրցակիցներ են տարբեր տնտեսական եւ քաղաքական ծրագրերի իրականացման հարցում: Իսկ թե ինչ ազդեցություն կունենան ռուս-թուրքական բարելավվող հարաբերությունները Հայաստանի վրա, առայժմ վաղ է ասել: Հիմա կարելի է միայն արձանագրել, որ մենք չկարողացանք օգտվել այն փուլից, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, մեղմ ասած, լարված էին:

–Իսկ ի՞նչ պետք է անեինք, որ չարեցինք:


–Կարող էինք ավելի ջերմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարող էինք մեր երկրի համար օգտավետ պայմանավորվածություններ ձեռք բերել բոլոր ոլորտներում, բայց ինչ-ինչ պատճառներով ոչինչ չարեցինք: Փոխարենը՝ այս իրավիճակից օգուտ քաղեց Ադրբեջանը:

–Իսկ ի՞նչ արեց Ադրբեջանը:


–Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը աջակցած երկու երկրներին։ Եւ այդ երկրներից մեկն Ադրբեջանն է: Գաղտնիք չէ, որ միջնորդ երկրների միջազգային կշիռը, հեղինակությունն աճում են: Միջնորդները եթե կարողանում են իրենց առաքելությունը հաջողությամբ իրականացնել, շահեկան վիճակում են հայտնվում: Ադրբեջանի շահերից էր բխում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը: Ադրբեջանի նախագահը, Ղազախստանի նախագահի հետ մեկտեղ, կարողացավ հասնել նրան, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները նորմալանան: Ստացվում է, որ այս ամենից Ադրբեջանը կրկնակի շահեց:

Մենք այս իրավիճակից ոչինչ չշահեցինք: Ավելին, երբ մենք կարող էինք միջնորդի դեր ստանձնել եւ հասնել ռուս-վրացական հարաբերությունների բարելավմանը, մեր արտաքին քաղաքականությունը ոչ միայն այս ուղղությամբ մատը մատին չխփեց, այլ նաեւ մի այնպիսի քայլ արեց, որը, մեղմ ասած, լուրջ հարված հասցրեց հայ-ռուսական հարաբերություններին: Հիշեցնեմ, որ ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Սերժ Սարգսյանի կողմից մեդալի արժանացավ: Մեդալի հանձնումից հետո ո՛չ հայ-վրացական հարաբերությունները ջերմացան, ո՛չ կարգավորվեց ռուս-վրացական խնդիրը, բայց հայ-ռուսական հարաբերություններում անվստահության տարր հայտնվեց՝ դրանից բխող հետեւանքներով: Մենք կարող էինք այդ մեդալը չհանձնել, փոխարենը՝ միջնորդի դերով հանդես գալ ռուս-վրացական հարաբերություններում՝ դրանով բարձրացնելով մեր երկրի կշիռը եւ ավելի սերտացնելով հարաբերությունները թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի հետ, անգամ նպաստել աբխազական երկաթուղու վերագործարկմանը, բայց դա մենք չարեցինք:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը