Տնտեսական

28.06.2016 16:08


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

2016 թ. հունիսի 28-ի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%:

2016 թ. մայիսին արձանագրվել է 0.7% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -2.1%:

Արտաքին հատվածում հիմնականում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային ապրանքային շուկաներում ձեռքբերված հարաբերական կայունությունը, ընդ որում, որոշ ապրանքների գծով դիտվել են որոշակի գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Միաժամանակ, ԿԲ-ը շարունակում է հետևել և մշտադիտարկել ֆինանսական շուկաների՝ Եվրամիությունում ընթացող գործընթացներից բխող զարգացումները:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում շարունակել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ: Չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առևտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման և թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ գնաճային սպասումները կլինեն համեմատաբար կայուն, այդուհանդերձ, տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9 % և 6 %:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հուլիսի 8-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը