Աշխարհ

27.06.2016 14:30


Թուրքիայի ԱԳՆ. «Պապը կախվածություն ունի հայկական տեսակետներից»

Թուրքիայի ԱԳՆ. «Պապը կախվածություն ունի հայկական տեսակետներից»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հռոմի պապի` Հայ առաքելական եկեղեցու հետ ստորագրված համատեղ հռչակագրին, Հայաստանում ունեցած ելույթներին և «ցեղասպանություն» բառի կիրառմանը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ սրբազան քահանայապետի գործողությունները որակվել են իբրև կրոնական գործոնով պայմանավորված «հերթական խտրական վերաբերմունք 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին տառապյալ զոհերի նկատմամբ»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Պապը կախվածություն ունի «իրականության և պատմական փաստերի հետ կապ չունեցող» հայկական տեսակետներից: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ այդ մասին են վկայում Հայաստան կատարած այցի ժամանակ Պապի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը, «1915-ի դեպքերի» վերաբերյալ անհաջող հայտարարություններ անելը, հայկական եկեղեցու հետ ստորագրած համատեղ հռչակագիր ստորագրելը և վերադարձի ճանապարհին «զրպարտանքներով լի» հայտարարություններ անելը:

«Հայաստան կատարած այցի ընթացքում պատմական փաստերի նկատմամբ Պապի որդեգրած կողմնակալ մոտեցումը չի կարող ծածկվել ո՛չ տարբեր խմբերի միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու ցանկության մասին իր պնդումներով, ո՛չ փետրվարի 3-ին Վատիկանի արած հայտարարությամբ, որտեղ ընդունվում էր պատմաբանների համատեղ հանձնաժողովի հիմնման անհրաժեշտությունը, ոչ էլ ահաբեկչությունը քննադատող հայտարարությունը՝ 1977թ. ASALA-ի կողմից Վատիկանում Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմի սպանության հղումով»,- «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ «Պապի նման պահվածքը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որը խաթարվել է հատկապես ապրիլ ամսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով»:

«Այնպես որ, Սուրբ աթոռը ներկայացնող մարդկանցից բոլորը սպասում են ապագա սերունդներին խաղաղություն և բարեկամություն ժառանգություն թողնելու ջանքեր և կառուցողական մոտեցում` հիմնված օրենքի նկատմամբ հարգանքի վրա»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:

«ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը