Մեկնաբանություն

22.06.2016 21:30


Սերժ Սարգսյանի խոսուն լռությունը

Սերժ Սարգսյանի խոսուն լռությունը

Վիեննայում Ղարաբաղի հարցով բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն ինքնաթիռում ասուլիս տվեց ու հրապարակավ ընդունեց, որ 800 հեկտար տարածք ենք կորցրել չորսօրյա մարտերից հետո (թե իրականում ինչքան ենք կորցրել, այլ խոսակցության թեմա է)։

Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո, սակայն, Սարգսյանը չի խոսել։ Նա, ի պատասխան Ալիևի՝ Ղարաբաղը դեօկուպացիայի ենթարկելու մասին հայտարարության, Ռուսաստանի երկրորդ քաղաքում ասել է, որ հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է։ Այդ «հայտնիի» մասին նա կիսվել էր «Բլումբերգին» տված հարցազրույցում՝ հայտարարելով, որ ինքը 2011թ. Կազանում պատրաստ է եղել հանձնել ազատագրված հինգ շրջանները, կողմ է արտահայտվել խաղաղապահներին, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը համաձայնել է թողնել անորոշ հեռանկարին։

Հիմա, երբ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ բանակցությունները ՌԴ–ում ընթացել են հակամարտության տխրահռչակ փուլային տարբերակի շուրջ, ըստ որի՝ 5+2 սխեմայով խոսք է գնում տարածքները հանձնելու, Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի մասին, ու կարգավիճակի հարցն էլ թողնված է հետագային, Սարգսյանը լռում է ու մեկնում Ղարաբաղ։

Ճիշտ է, Նալբանդյանը փորձեց հերքել Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մամեդովի ասածները, բայց դրանից բան չի փոխվում, մանավանդ որ, կրկնենք, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հայկական կողմի տեսակետը հայտնի է, այն է՝ պաշտոնական Երևանը կողմ է կազանյան տարբերակին, ինչը փուլային լուծում է ենթադրում, կամ ավելի ուղիղ ասած՝ կապիտուլյացիա։

Եթե Սերժ Սարգսյանը գնա իր հնչեցրած «հայտնիի» ճանապարհով և սկսի կոնկրետ քայլեր ձեռնարկել, ապա քաղաքական ու հասարակական առողջ շրջանակները, նրանք, ովքեր մտահոգված են ՀՀ ու ԼՂՀ անվտանգության խնդիրներով, պետք է դիմադրության հսկայական ալիք բարձրացնեն՝ հասնելով արտահերթ քաղաքական գործընթացների։ Այս անգամ, ի տարբերություն 1998–ի, դիմադրությունը պետք է լինի ոչ միայն Ղարաբաղից, որն այն ժամանակ «ոչ» ասաց փուլային լուծման տարբերակին, այլ նաև Հայաստանը պետք է դառնա դիմադրության կենտրոն։ Խոսքը նախևառաջ հանրային դիմադրության մասին է։

Պետք է մի պարզ բան հասկանալ՝ մեր միակողմանի զիջումները ոչ թե կանխելու են պատերազմը, այլ նպաստավոր պայմաններ են ստեղծելու նոր պատերազմի ու մեր պարտության համար։

Սերժ Սարգսյանը 2008–ից հետո իշխանական աթոռը պահել է ՀՀ ու ԼՂՀ շահերը պարբերաբար առևտրի առարկա դարձնելով։ Ամեն ինչ սկսվեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունով ու հիմա ավարտվում է Ղարաբաղով։

Պետք է նկատենք, որ միակողմանի զիջումները լրջագույն հարված կլինեն ՀՀ և ԼՂՀ պետականությանը, ինչը որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։

Սարգսյանն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Ղարաբաղի շահերը՝ մնայուն։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը