Լրահոս

09.02.2011 17:23


Հայոց Ցեղասպանության մասին օրենքի ընդունման 10-ամյակին նվիրված միջոցառում Ֆրանսիայի Ազգային Ժողովում

Փետրվարի 8-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության մասին օրենքի ընդունման 10-ամյակին նվիրված միջոցառում, որին իրենց մասնակցությունը բերեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայի մտավորական շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառման նախաձեռնողն էր Ազգային Ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի փոխնախագահ, ԱԺ վարչական եւ ֆինանսաբյուջետային հարցերով խորհրդարանական բյուրոյի ղեկավար, իշխող' «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտից պատգամավոր ընտրված Ռիշար Մալյեն:

 

Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայի Ազգային Ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող կոալիցիայի մաս կազմող «Նոր կենտրոն» կենտրոնամետ աջ կուսակցություն անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա գնահատեց տասնամյա վաղեմության իրադարձությունը եւ կարեւորեց Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատիժ սահմանող օրինագծի Ֆրանսիայի Սենատի կողմից առաջիկայում ընդունելու հանգամանքը:

Հանդիսավոր միջոցառմանը հանրագումարային եւ վերլուծական ելույթներով հանդես եկան ֆրանսիացի այլ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին ամփոփիչ խոսք ասաց Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը