Աշխարհ

20.06.2016 13:00


Քեմերոն. «Թուրքիան 3000թ. ԵՄ անդամ կդառնա»

Քեմերոն. «Թուրքիան 3000թ. ԵՄ անդամ կդառնա»

Անգլիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը BBC-ի «Question Time» ծրագրի եթերում պատասխանել է հունիսի 23-ին կայանալիք Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալու հանրաքվեին և Թուրքիայի եվրաինտեգրմանն առնչվող հարցերին:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։

Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Թուրքիայի ԵՄ անդամակցությունն անհնար է: Նա համոզմունք է հայտնել, որ այս թեման հանաքվեի համատեքստում օգտագործվում է ուշադրություն շեղելու նպատակով:

«Մեր երկրում կամ ամբողջ Եվրոպայում չեք գտնի գոնե մի մասնագետի, ով կասի, թե Թուրքիան առաջիկա 30 տարվա ընթացքում կարող է ԵՄ անդամ դառնալ: Ինտեգրման համար անհրաժեշտ է բացել և փակել 35 «բանակցային ուղղություններ»: Մինչ օրս Թուրքիան միայն մեկ ուղղությունն է գլուխ բերել: Նման տեմպերով Թուրքիան 3000թ. ԵՄ անդամ կդառնա»:

Քեմերոնը նշել է, որ եթե Թուրքիայի եվրաինտեգրումը մոտակա տարիներին հնարավոր լիներ, ապա ինքն այդ գործընթացին չէր աջակցի, բայց դա, ըստ նրա, միևնույնն է, անհնար է:

«Դա կարող է լինել առաջիկա 30-40 տարվա ընթացքում, երբ ես արդեն վարչապետ չեմ լինի: Մենք շատ աջակցեցինք Թուրքիային անդամակցության հարցում, քանի որ ցանկանում էինք, որ արևմտամետ երկիր լինի: Ուզում էինք, որ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը գերիշխի Թուրքիայում: Չենք ուզում, որ լրագրողները բանտարկվեն, բայց այս պահին, անկեղծ ասած, ամեն ինչ այնքան էլ լավ չէ:
Ես չէի կամենա, որ այս հանրաքվեին մարդիկ կողմ քվեարկեին ԵՄ-ից դուրս գալուն՝ առաջնորդվելով այն համոզմունքով, թե Թուրքիան դառնալու է ԵՄ անդամ, որովհետև նման բան չի լինելու», - հավելել է Անգլիայի վարչապետը:

«ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը