Հարցազրույց

09.12.2009 20:28


Տեր Մեսրոպ քահանա Արամյան.

Տեր Մեսրոպ քահանա Արամյան.

Հարցազրույց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ում կրթության որակը։

-Ուսումնասիրելով կրթական ոլորտը՝ մենք այն պատկերն ստացանք, որ բավական տխրել է պետք։ Ըստ էության, կրթական ոլորտում լուրջ արժեքներ, լուրջ կառույցներ այս տարիների ընթացքում չենք ստեղծել։ Ուսումնական հաստատությունները տառապում են ամեն տեսակ խնդիրներով՝ սկսած նյութականից, վերջացրած  ամբողջական գիտակցության, տեսլականի բացակայությամբ։  Հայաստանում բավական լուրջ և սուր կերպով զգացվում է բարձրորակ կրթության պակասը։ Մենք, որպես ժողովուրդ, խեղդվում ենք այն իրավիճակում, որ այսօր կա Հայաստանում։ Մենք  չենք տեսնում մեր ազգային տաղանդը, ներուժը։ Չկա նրանց հնարավորություններին համապատասխան կրթական համակարգ, որպեսզի ունենանք իրագործման պատշաճ հնարավորություն և ընդհանրապես ունակ լինենք աշխատելու։ Այսօր այն ամենը, ինչ անում ենք, ուղղակի չի ապահովում մեր սերունդների մրցունակությունը՝  համեմատած նրան, ինչ որ կա աշխարհում։ Այսօր կրթությունը շատ է առաջ գնացել, և մենք կարիք ունենք ստեղծելու հզոր մշակույթ, միջավայրեր, որոնք կկարողանան օրինական ճառագայթում ունենալ ամբողջ համակարգի վրա և բարերար ազդեցություն թողնել ընդհանրապես փոփոխությունների ընթացքի վրա։

-Իսկ ի՞նչն է դրա պատճառը։

-Այն բոլոր արատները, որ հասարակությունն ունի, նախ և առաջ արտացոլվում են կրթության մեջ։ Եթե շեշտադրելու լինենք, ես կասեի՝ համար մեկ հանգամանքը կաշառակերությունն է։ Այն իսկապես կատաստրոֆիկ ազդեցություն է թողնում  համակարգի վրա։ Արդյունքում մենք ունենք մեծ քանակի բացարձակապես չմոտիվացված ուսուցիչներ, դասախոսներ և տիրում են ոչ թե ուսումնական, այլ բիզնես փոխհարաբերություններ։ Երեխան, որը մտնելով ուսումնական հաստատություն, տեսավ, որ գիտելիքով ոչինչ չի չափվում, այլ կաշառքով ու փողով, կբարոյազրկվի, և բարոյազրկվելով՝ շատ խոր զգացողություններ կունենա սեփական երկրի նկատմամբ, կտեսնի, որ մենք իրեն տալու որևէ բան չունենք։ Եվ  եթե նա տեսնի մի միջավայր, որտեղ կա դրսևորվելու հնարավորություն,  ազնվություն, արդարություն, բարձրագույնին հասնելու հնարավորություն, կմտնի այնտեղ և կգնա առաջ։ Մենք դրանով մեծ հարված ենք հասցնում մեր ապագա սերնդին և ընդհանրապես երկրի ապագային. այստեղ մենք պետք է շատ զգույշ լինենք, խիստ որոշակի, կտրուկ քայլեր  իրականացնենք։ Երբեմն պետք է ցավոտ լուծումներ իրականացնել, բայց սա այն ոլորտը չէ, որ թողնես ու ասես, որ ինքն իրենով կարող է մաքրվել։ Այդ մաքրումը կարող է տեղի չունենալ, որովհետև կեղտը կարող է կեղտ արտադրել։ Գոյություն ունի կրիտիկական մասսայի հասկացողություն, ինչ-որ մի մասսա, որ արդեն  ձևավորվում է և սկսում տոն տալ ամբողջ մասսային։ Մենք կրիտիկական այդ բոլոր նեգատիվներն արդեն անցել ենք, և այստեղ պետք են լուրջ մոտեցումներ։ Մենք ակնհայտորեն խնդիր ունենք, և այդ խնդիրը շատ լուրջ է կրթության համակարգում։ Մենք փնտրում ենք այդտեղից դուրս գալու ուղիներ և դրա համար խորհրդակցում ենք։ Մեր խորհրդակցությունը բոլոր շերտերի հետ է։ Այսօր շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ գործարարների հետ, որոնք շատ արժեքավոր մտքեր արտահայտեցին, և մենք  տեսանք, թե այս խնդիրը հանրային ինչ լուրջ պահանջ ունի։

-Կարծում եք՝ այս վիճակից ելնելու ուղին՝ այլընտրանքը, «Այբ» կրթական հանգույցի ստեղծո՞ւմն է։

-Այն այլընտրանք չէ. այն լավ մոդել է, որտեղ որոշակի քանակով երեխաներ սովորելու հնարավորություն կստանան, ինչն օրինակ կհանդիսանա նաև մնացածի համար։

-Շատ կարծիքներ հնչեցին, որ այստեղ նույնպես կարող են արատավոր երևույթներ մուտք գործել. ինչպե՞ս եք անելու, որ դրանցից զերծ մնաք, ո՞րն է մոդելը։

-Որևէ մեկն ապահովագրված չէ մեղք գործելուց կամ սխալ քայլեր անելուց։ Պետք է ամեն ինչ անել ճիշտ, մաքուր սկզբունքների վրա։ Պետք է գոյացնել նախնական ճիշտ իրավիճակներ, այսինքն՝ դպրոցի գոյացման համար նախ և առաջ կարևոր է ուսուցչական կազմը։ Մոտիվացված, հասկանալի արժեքներ դավանող, բարձրորակ ուսուցիչների  աշխատակազմ է պետք ձևավորել։ Շատ կարևոր է թիմի հասկացողությունը. եթե թիմ չեղավ, ուրեմն դպրոց չկա։ Շատ կարևոր է սովորող երեխաների կրիտիկական այդ զանգվածը։ Երբ մտնում ես դպրոց, և երեխաների մեջ չկա սովորելու ցանկություն (արդեն կոտրել են), շատ դժվար է փոփոխություններ իրականացնել։ Երբ ամեն բան սկսում ես մաքուր էջից և փորձում լավ անել, ապա հաջողության հասնելու շանսն  ավելի մեծ է։

-Ծրագրին պետական աջակցություն կ՞ա։

-Պետությունը խոստացել է 6,5 հա հող հատկացնել։ Պրոցեսը հողհատկացման փուլում է։ Մենք հույս ունենք, որ կառավարությունը մինչև այս տարվա վերջ կկատարի իր խստումը, և մենք կկարողանանք մնացած բոլոր հարցերը լուծել. մենք սպասում ենք հողհատկացման խնդրի հանգուցալուծմանը։

-Իսկ ի՞նչը կարող է խոչընդոտել ծրագրի իրագործմանը։

-Չինովնիկական մակարդակի խոչընդոտների մասին կարելի է խոսել, ոչ թե կրթության, այլ այն ոլորտի, որը պետք է հողհատկացման խնդիրներն իրականացնի , որովհետև, փատորեն, այս ձգձգումների հետևանքով մեծ վնաս հասցվեց պրոյեկտի ֆինանսավորմանը։ Չենք կարողանում նաև աշխարհահռչակ  ճարտարապետներին տալ իրատեսական հողային սահմաններ՝ վերջացնեն մաստեր պլանինգի իրականացումը, չենք կարողանում վերջացնել գործարար ծրագիրը։ Այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս ծրագրին աջակցել, չեն կարողանում ներկայանալ և հավելյալ միջոցներ ներգրավվել, բայց հույս ունենք, որ մինչև տարեվերջ այդ խնդիրներն իրենց լուծումները կստանան։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը