Աշխարհ

17.06.2016 13:30


Հարավային Օսիայի խորհրդարանը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հարավային Օսիայի խորհրդարանը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հարավային Օսիայի խորհրդարանը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. տեղում ապրող հարյուրավոր հայեր օրեր առաջ այս հարցով պաշտոնական դիմում են ուղարկել օրենսդիրներին՝ հիշեցնելով, որ ճանաչման մասին օրինագիծը շրջանառության մեջ է դրվել դեռ անցած տարի, սակայն մինչ օրս չի ընդունվել:

Փաստաթղթի նախաձեռնողներից մեկը՝ խորհրդարանի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալան Կոզոնովը, «Ազատությանն» ասել է, թե չճանաչված հանրապետության վերնախավում հիմնականում կողմ են փաստաթղթի ընդունմանը:

«Անցած տարի՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին, ես նամակով դիմել եմ խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովին՝ առաջարկելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա պաշտպանեց այդ առաջարկը: Հետո նամակ եմ ուղարկել նախագահին, երկու անգամ հանդիպել եմ նրա վարչակազմի ղեկավարին, բոլորն էլ հասկանում էին հարցի կարևորությունը և հետաքրքրություն էին ցուցաբերում, սակայն, արդյունքում, ընդունումը, կոպիտ ասած, փակուղի մտավ», - նշել է Կոզոնովը:

Ըստ օս պատգամավորի՝ հարցի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են այս ամսվա սկզբին, երբ Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

«Մենք նախաձեռնել ենք ճանաչման գործընթացը մարդասիրական նկատառումներով, առանց հայկական կողմից պատասխան քայլեր ակնկալելու», - «Ազատության» հետ զրույցում ասում է Ալան Կոզոնովը:

Վերջինիս գործընկեր Պյոտր Գասևն էլ ընդգծում է՝ փաստաթուղթը որևէ կապ չունի նաև ռուս-թուրքական վերջին լարվածության հետ․ - «Շատերը մեզ մեղադրեցին, թե իրականում մենք գնում ենք այդ քայլին, ընդամենը որ հաճոյանանք Ռուսաստանին: Այդօրինակ ենթադրություններին վերջ տալու համար ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ հարցը խորհրդարանում քննարկվում է դեռ անցյալ տարվանից: Հարավային Օսիայի հայերը մեր երկրի լիիրավ քաղաքացիներն են, մեր եղբայրները, որոնք Վրաստանի հետ պատերազմի ժամանակ չլքեցին երկիրը, այլ մնացին՝ պաշտպանելու մեր անկախությունը»:

Չնայած թուրքական կողմից ակնկալվող բացասական արձագանքին՝ Ցխինվալիում վստահ են, որ բանաձևը կընդունվի:

«Կարծիքներ են նաև հնչում, թե ցեղասպանության ճանաչումը բացասաբար կազդի Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների վրա, սակայն ուզում եմ փաստել՝ Բեռլինը ընդունեց օրինագիծը, թեև Թուրքիայում գերմանացիները ավելի մեծ թիվ են կազմում: Ռուսաստանը 1996 թվականին ճանաչել է ցեղասպանությունը, սակայն այդ քաղաքական որոշումը չի խոչընդոտել այդ երկրի համագործակցությանը Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ այս հարցում իմ բոլոր գործընկերները համակարծիք կլինեն», - ասում է Պյոտր Գասևը:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին արդեն հարցը քննարկման կդրվի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի խոսնակը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում փաստել է՝ թեև նախկինում մի շարք պատգամավորներ պնդում էին, թե Հայաստանն էլ իր հերթին պետք է ճանաչի օս ժողովրդի ցեղասպանությունը վրացիների կողմից, սակայն այժմ այդ հարցը սկզբունքային չէ:

Այս խորագրի վերջին նյութերը