Աշխարհ

17.06.2016 12:19


Ադրբեջանը հյուրընկալում է «Ֆորմուլա 1» մրցաշարը

Ադրբեջանը հյուրընկալում է «Ֆորմուլա 1» մրցաշարը

Պրոֆեսիոնալ ավտոմոբիլային սպորտի պատմության ընթացքում առաջին անգամ Բաքվում մեկնարկելու է «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարը:

«Ազատության» փոխանցմամբ՝ պաշտոնական մրցարշավը կմեկնարկի կիրակի, մինչ այդ կլինեն մարզական մրցումներ։ Գերարագ բոլիդները 51 անգամ պտտվելու են նորակառույց 6-կիլոմետրանոց ճանապարհով:

Աղբյուրը հիշեցնում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր «Ֆորմուլա 1»-ը կազմակերպող ընկերության գործադիր տնօրեն Բերնի Էքլսթոնին: Պաշտոնական Բաքուն անչափ ուրախ է: Անցած մի քանի տարում այդ քաղաքում տեղի են ունեցել տարատեսակ միջազգային ֆորումներ և խոշոր միջոցառումներ՝ 2012-ի Եվրատեսիլ երգի մրցույթը, անցյալ տարվա Եվրոպական խաղերը, և հիմա էլ՝ «Ֆորմուլա 1»-ը:

Ընդ որում, ավտոմոբիլային մրցաշարը միանվագ միջոցառում չէ և հետայսու պարբերաբար տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաքում: Իշխող վարչակարգը դա, իհարկե, ներկայացնում է որպես նախագահ Իլհամ Ալիևի հմուտ քաղաքականության արդյունք և խոշոր նվաճում:

««Ֆորմուլա 1»-ի անցկացումը թույլ է տալիս ամբողջ աշխարհին ներկայացնել Ադրբեջանի զարգացման գործընթացը»,- ասել է Ալիևը Էքլսթոնին:

Այդ մրցումներին հեռուստատեսությամբ հետևում է մոտ կես միլիարդ մարդ, հետևաբար առաջիկա օրերին և հատկապես հունիսի 19-ին Բաքուն կհայտնվի ավտոմոբիլային սպորտի սիրահարների այդ հսկայական բանակի ուշադրության կենտրոնում:

Սա փիառի առումով իսկապես նվաճում է, ցուցադրական, տոնական գործոն, բայց որքան էլ Ալիևի ռեժիմը փորձի Ադրբեջանը ներկայացնել որպես գերարդիական զարգացած երկիր, միևնույն է, գոյություն ունի «Ֆորմուլա 1»-ի մեդալի, այսպես ասած, մյուս կողմը:

Միջազգային իրավապաշտպան կառույցները հաղորդում են, որ հանրության կարծիքն Ադրբեջանում բացարձակապես նշանակություն չունի: Ալիևի կլանը դաժանորեն լռեցնում է այլախոհներին, նույնիսկ ամենահամեստ քննադատությունն արժանանում է կոշտ հակազդեցության:

Այդ մասին է վկայում բանտեր նետված ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և բլոգերների թիվը:

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը