Մեկնաբանություն

16.06.2016 22:50


Խոշորացված դատարկություն (տեսանյութ)

Խոշորացված դատարկություն (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստում համայքների խոշորացման մասին օրինագծի քննարկումից (եւ, ի վերջո այդ նախագծի ընդունման իրողությունից), որի ժամանակ ոմանք աքլորակռիվի դիտարժան տեսարան ցուցադրեցին, կարելի է այնպիսի տպավորություն ստանալ, որ լուծված են սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները եւ պարապությունից միայն մնում էր երկիրը վերաձեւել, կարկատել-կցմցել ու ընդարձակել համայնքային տարածքները:

Իշխանությունը բոլոր հարցերը լուծել-պրծել էր եւ «հավեսի համար» հիմա էլ որոշել է համայնքային քարտեզը արձակ-լայնարձակ նկարել-գծել:

Սակայն, փաստն այն է, որ այս մոտեցմամբ իշխող ուժը փորձում է քողարկել կուտակված հիմնահարցերը, որոնք պարտավոր էր լուծել անցած 8 տարիներին:

Մասնավորապես, սահմանագոտում կուտակված սոցիալ-տնտեսական հարցերը ամենամտահոգիչն են, եթե չասենք՝ վտանգավոր հեռանկարով հղի:

Նորից թերթեք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերը եւ այնտեղ բազմաթիվ կետեր կգտնեք, որոնք վերաբերում են սահմանագոտու խնդիրներին եւ ոչ միայն սահմանագոտու (մանկապարտեզ-դպրոցներից մինչեւ կենսապահովման օբյեկտներ, աշխատատեղերի ստեղծում եւ այլն):

Մինչդեռ, այս կարեւոր խնդիրների լուծումը անտեսվել է: Ավելին, Աշոտյանի նախարարության շրջանում էլ 12 դպրոց է փակվել: Իսկ որ դատարկված գյուղերում մնացել են միայն մի քանի ծերերը եւ անասունները՝ դա տեսնում է ցանկացած մարդ, որը դուրս է գալիս Երեւանից:

Կարճ ասած՝ բարձիթողի վիճակ է եւ, հատկապես տագնապալի է սահմանագոտում տիրող իրավիճակը, քանի որ մեր զինվորների անմիջական թիկունքն է դատարկվել:

Իշխանությունը չլուծելով այս հարցերը, որոշել է գնալ խոշորացման ճանապարհով: Մի բան, որն ավելի է բարդացնելու իրավիճակը, քանի որ միայն հիմարը կարող է հավատալ, թե այս իշխանությունը համայնքների խոշորացումից հետո լուծելու է խնդիրները. կասեցնելու է արտագաղթը, տեղերում ձեռնարկություններ է հիմնելու, բավարարելու է գյուղական համայնքների կրթա-մշակութային պահանջմունքները, նորոգելու է միջհամայնքային ճանապարհները, որոնք միջնադարյան արահետներ են հիշեցնում:

Չի՛ անելու:

Թեմայի համատեքստում կարեւոր է հիշեցնել 2012-ի նախընտրական փուլում Սերժ Սարգսյանի տեսակետը:

2012-ին Կենտրոնի բնակչության հետ նախընտրական հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ մեր մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, կարկառուն դեմքեր, ներկաներից մեկը բարձրաձայնեց սահմանամերձ գյուղերի դատարկման խնդրի մասին, որին Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան տվեց․ «Ես այդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին, չգիտեմ՝ այդ պրոբլեմը ինչքան է ակտուալ, որովհետեւ մարդը այսօր, ապրելուց լինի գյուղում, թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, եւ եթե այսօր կա մի գյուղ, որտեղ ապրում են 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով։ Դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 7 կիլոմետր վերեւ ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ, այս մի գյուղում ապրեր, մինչեւ կկարողանանք այն վերեւի գյուղն էլ գազ քաշենք կամ դպրոց կառուցենք։ Պրոբլեմներն այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռեւս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երեւանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք՝ գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք» (տե՛ս կից տեսանյութը):

Ահա՛ այսպես: Կամ՝ խոշորացման հեռանկարն այսպիսին է լինելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը