Աշխարհ

16.06.2016 19:14


Առաջին անգամ գլոբալ տաքացման պատճառով ոչնչացել է կաթնասունների մի ամբողջ ցեղատեսակ

Առաջին անգամ գլոբալ տաքացման պատճառով ոչնչացել է կաթնասունների մի ամբողջ ցեղատեսակ

Ավստրալացի կենսաբանները արձանագրել են գլոբալ տաքացման հետևանքով կաթնասունների մի ամբողջ ցեղատեսակի ոչնչացում։ Կլիմայական փոփոխությունների զոհ են դարձել խճանկարապոչ առնետները։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, ասվում է Քվինսլենդ նահանգի կառավարական զեկույցում։

Քվինսլենդի համալսարանի աշխատակիցների հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ Բրամբլ–Քեյ կղզու վրա բնակվում էր մի քանի հազար խճանկարապոչ առնետ։ Այն կրծողների միակ բնակավայրն էր։ Վերջին անգամ այդ ցեղատեսակի ներկայացուցիչներին տեսել են պրոֆեսիոնալ ձկնորսները 2009թ–ին։

Նկատելով փոփոխություններ խճանկարապոչ առնետների պոպուլյացիայի մեջ՝ 2014թ. բնապահպաններն ու կենսաբանները որոշել են անցկացնել հետազոտություն և մեկ շաբաթվա ընթացքում կղզու վրա տեղադրել են տեսախցիկներ ու թակարդներ։ Սակայն ապարդյուն։ Ոչ մի կենդանի չի հայտնաբերվել։

Այդ ժամանակ իրականացվել է շրջակա միջավայրի վերլուծություն, և համաձայն վերջինիս արդյունքների՝ վերջին տասնամյակի ընթացքում Բրամբլ–Քեյ կղզին բազմիցս հեղեղվել է օվկիանոսի ջրերի մակարդակի բարձրացման պատճառով։

Հենց դա էլ պատճառ է դարձել խճանկարապոչ առնետների անհետացման համար։ Դրանց մի մասը խեղդվել է, իսկ մնացածներին պարզապես չի հաջողվել ողջ մնալ։ Վերջին տասը տարվա ընթացքում բնակավայրը փոքրացել է 97%–ով, ինչն էլ հանգեցրել է սննդային դեֆիցիտի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը