Տնտեսական

15.06.2016 12:55


Էլինար Վարդանյանը՝ համայնքների խոշորացման ծրագրի մասին. «Թերևս պետք չէր այդքան շտապել»

Էլինար Վարդանյանը՝ համայնքների խոշորացման ծրագրի մասին. «Թերևս պետք չէր այդքան շտապել»

Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում սկսել է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական կառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասել է, որ Կառավարությունն ԱԺ–ի հետ արդեն իսկ սկսել էր համայնքների վարչատարածքային բարեփոխումները կատարելու գործընթացը։

–Պիլոտային նախագծերով Դիլիջանի, Տաթևի և Թումանյանի համայնքներում արդեն իսկ ունենք ձևավորված նոր ՏԻՄ։ Այժմ ներկայացված է վարչատարածքային փոփոխությունների նոր փաթեթ, որն ընդգրկում է Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը,–ասել է Վ. Տերտերյանը։

ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Էլինար Վարդանյանն էլ հիշեցրել է, որ նախորդ տարի, երբ ԱԺ–ում քննարկվում էր 3 համայնքի խոշորացումը՝ որպես պիլոտային ծրագիր, Կառավարության կողմից, որպես հիմնական հիմնավորում, նշվում էր՝ փորձենք արդյունավետությունը պարզել, նոր դա տարածել մյուս համայնքների վրա։

–Ձեր ելույթում հիմա ինքներդ էլ նշեցիք, որ այս մի քանի ամիսը դեռևս բավարար չէ գնահատելու կառավարման արդյունավետությունը, և էական քայլերը, որ արվել են, ավագանու և համայնքապետերի ձևավորումն է։ Ի՞նչն է պատճառը, որ առանց սպասելու տեսանելի արդյունքների՝ գնում ենք հաջորդ քայլին, այսինքն՝ խոշորացնում ենք ևս մի շարք համայնքներ,–հարցրել է Էլինար Վարդանյանը։

–Երբ ասում եմ՝ ընտրել ենք համայնքի ղեկավար և ավագանի, հետո շարունակում եմ, որ ընտրել ենք որակապես այլ ավագանի, որում կա որակապես այլ աշխատանքային և մոտիվացիոն ֆոն։ Ավագանիում ներկայացված են 5–7 համայնքների ներկայացուցիչներ, և որոշումներն ընդունվում են հստակ մոտիվացված կոնսենսուսով,–մասնավորապես պատասխանել է Վ. Տերտերյանը՝ հավելելով, որ ի սկզբանե խոսքը 14 պիլոտային ծրագրի մասին էր.

–Այն ժամանակ ներկայացրեցինք դրանցից 3–ը, հիմա ներկայացնում ենք մնացածը։

Սակայն Էլինար Վարդանյանը հակադարձել է. այն, որ հիմա ձևավորվել է բավականին ակտիվ և որակապես այլ ավագանի, դեռևս բավարար չէ ենթադրելու, որ լինելու է միանշանակ արդյունավետ կառավարում։

–Հայաստանում մենք այդպիսի փորձ ունենք։ Բազմաթիվ ղեկավար մարմիններում լինում են բազմաթիվ խելացի, որակապես տարբերվող գործիչներ, բայց կառավարման առումով չենք կարող ասել, որ արդյունավետ են եղել։ Հետևաբար, զուտ հղում անել, որ ավագանին որակապես տարբերվում է, և դա արդեն գրավականն է արդյունավետ կառավարման, կարծում եմ՝ այնքան էլ իրատեսական չէ։ Թերևս պետք չէր այդքան շտապել, և միգուցե անհրաժեշտ էր տեսնել, թե 3 համայնքում ինչպիսի արդյունքներ կունենայինք, նոր կատարեինք հաջորդ քայլերը,–նշել է Է.Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը