Մեկնաբանություն

15.06.2016 00:05


Իշխանության հույսը զինվորի ոգին է ու կոոպերատիվ «Գելափի» ներկայացրած տոկոսները

Իշխանության հույսը զինվորի ոգին է ու կոոպերատիվ «Գելափի» ներկայացրած տոկոսները

Ապրիլյան չորսօրյա պատերազմից մոտ երկուսուկես ամիս անց այդ պատերազմին հանրային արձագանքի բացահայտումը անհեթեթություն է: Բայց դե, մեր իշխանության համար չկա ավելի սիրելի զբաղմունք, քան անհեթեթ ու անիմաստ նախաձեռնություններով հանդես գալը:

Եվ ահա որոշել են ասպարեզ հանել կոոպերատիվ «Գելափին», որպեսզի վերջինս հետազոտություն անցակացնի եւ պարզի պատերազմին հասարակական արձագանքը:

Սա այն դեպքում, երբ երկուսուկես ամիս առաջ, պատերազմին հաջորդող օրերին արդեն պարզ էր հանրության արձագանքը: Իշխանությունը, սակայն, սոցիալական ցանցերում եւ այլ հարթակներում հնչած կարծիքներն ու գնահատականները ոչինչ համարելով, որոշել է կոոպերատիվ «Գելափին» վարձել ու ցանկալի արձագանք ունենալու համար «տոկոս խփել», ինչում էլ համոզվեցինք, երբ ծանոթացանք «գելափյան» հարցաշարին, թվերին, բալերին ու տոկոսներին:

Թեման թույլ չի տալիս այս ամենը խնդուկ համարել, բայց, իսկապես, այդպիսին կարելի է որակել «հետազոտության հեղինակների» «պրպտուն» ջանքերը:

Կոոպերատիվ «Գելափի» պեղած արդյունքների համաձայն, ամեն ինչ հիանալի է, հետազոտության մասնակիցների 84,4 տոկոսը կարծում է, որ մեր բանակը պատրաստ է հակազդելու նման լայնածավալ հարձակմանը, ընդհանրապես՝ ՀՀ բանակի պատրաստվածությունն ու հմտությունն էլ հարցվածների մեծ մասը բարձր է գնահատում, մարտական ոգին՝ նույնպես, ռազմական տեխնիկայի հագեցվածությունը՝ դարձյալ բարձր ու բարձր է:

Ծանոթանում ես հրապարակված արդյունքներին եւ ապշում ես: Ախր, եթե 1980-ականների զենքով ու բահով են կռվել մեր զինվորները, ինչի մասին տեղեկանալուց հետո հանրությունն իր զարմանքն ու զայրույթն արտահայտեց՝ ինչպես են նման թվեր ու տոկոսներ հորինել:

Ուշագրավն այն է, որ «գելափյան» հարցաշարում տեղ չի գտել 100-ից ավելի զոհերին վերաբերող հարցը, ինչն արտառոց կարելի է համարել 4 օրվա ընթացքում:

Մասնակիցներին մարդուժի կորստի չափերին վերաբերող հարց չի ուղղվել: Այդ հարցաշարում տեղ չի գտել նաեւ տարածքային կորստին վերաբերող հարցը: Այն դեպքում, երբ մինչ օրս ժողովուրդը խիստ բացասաբար է արձագանքում 800 հա տարածքը թշնամուն հանձնելու խնդրին: Նման հարցերը շրջանցվել են: Կարծես, մարդկային եւ տարածքային կորուստ չի արձանագրվել:

Պարզ է, եթե այս հարցերը ներառեին, ապա հանրային արձագանքի մասով չէին կարող բարձր տոկոսներ խփել (թեպետ, բանակի պատրաստվածությանը եւ ռազմատեխնիկայի հագեցվածությանը վերաբերող հարցերի «պատասխաններն» էլ՝ տոկոսների ու բալերի տեսքով, իրականությանը չեն համապատասխանում):

Ինչեւէ, գերագույն գլխավորը գիշերային տեսասարքերի համար փող «չունի», իսկ ա՛յ, մարդկանց ուղեղները լվանալու նպատակով կարող է ինչ-որ «Գելափի» վրա փող թափել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը