Լրահոս

09.12.2009 15:49


Հասարակությունը լիարժեք չի գիտակցում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը

Հասարակությունը լիարժեք չի գիտակցում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը

-Հանրային խորհուրդը հանրապետության նախագահի կողմից ստեղծված խորհրդակցական մարմին է և չի հանդիսանում վերադաս մարմին դատարանների, կադաստրի, դատախազության, քաղաքապետարանի, ոստիկանության համար,- «Նովոստի» մամուլի կենտրոնում հայտարարել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանը՝ նշելով, որ Հայաստանի հասարակությունը դեռևս լիարժեք չի գիտակցել ՀԽ-ի դերն ու նշանակությունը, քանի որ խորհրդին ներկայացված դիմումներում արծարծված հարցերի մեծամասնությունն անձնական բնույթի է և ՀԽ-ի իրավասություններից դուրս։ Դիմումների մոտ 10%-ն առաջարկություններ, 10%-ն էլ դիմում-բողոքներ են, և ոչ բոլոր դեպքերում են հիմնավոր եղել։ Հիմնավորվելու դեպքում էլ, Գ. Բադիրյանի խոսքերով, թե՛ իր, թե՛ ՀԽ նախագահի կողմից տարբեր գերատեսչությունների ղեկավարներին համապատասխան նամակներ են ուղարկվել։

-Հանրային խորհուրդը դեռ մեկ տարի չկա, ինչ ձևավորվել է. առկա բոլոր դժվարություններով հանդերձ, իհարկե ինչ-որ տեղ թերություններով, ոչ կատարյալ, բայց իր առջև դրված խնդիրները կարողանում է լուծել, և ես նկատում եմ այն միտումը, որ մասնավորապես քաղաքացիական հասարակությունում ներկայացված ինստիտուցիոնալ կառույցների հետ ունեցած արդյունավետ համագործակցության արդյունքում մենք կկարողանանք արձանագրել տեսանելի հաջողություններ,- ասել է Գ. Բադիրյանը՝ օրինաչափ համարելով դեռ ՀԽ-ի ստեղծման ժամանակաշրջանում այդ կառույցի վերաբերյալ հնչած մտահոգությունները։

Իսկ այս մեկ տարվա ընթացքում, ինչպես նշել է Գ. Բադիրյանը, ՀԽ-ն բազմաթիվ աշխատանքներ է կատարել։ Մասնավորապես քննարկել և համապատասխան վերաբերմունք է արտահայտել համաներման, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, իսկ կոնկրետ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկումներ են տեղի ունեցել ինտերնետի, մատուցվող ծառայությունների որակի և սակագների վերաբերյալ, ինչի արդյունքում գները 25%-ով զեղչվել են, իսկ մատակարարման որակը՝ բարձրացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը