Լրահոս

09.12.2009 15:37


Տեր Մեսրոպ Արամյան. «Դպրոցներ կան, որոնց վիճակն աղետալի է»

Տեր Մեսրոպ Արամյան. «Դպրոցներ կան, որոնց վիճակն աղետալի է»

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ Արամյանը «Հայկական դպրոց» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ բոլոր այն բացասական երևույթները, որոնք ի հայտ են եկել  Հայաստանում անցումային շրջանում, ամենացավալի տեսքով առկա են կրթության ոլորտում։

-Ուսումնասիրելով կրթական ոլորտը՝ մենք այն պատկերը ստացանք, որ բավական տխրել է պետք։ Ըստ էության, կրթական ոլորտում լուրջ արժեքներ, լուրջ կառույցներ այս տարիների ընթացքում չենք ստեղծել։ Ուսումնական հաստատությունները տառապում են ամեն տեսակ խնդիրներով՝ սկսած նյութականից, վերջացրած  ամբողջական գիտակցության, տեսլականի բացակայությամբ։  21-րդ դարում ողջ աշխարհում կրթությունը շատ է առաջ գնացել, իսկ մենք այս 20 տարվա ընթացքում հետ ենք մնացել,-նշել է նա։

Ըստ Տեր Մեսրոպ Արամյանի՝ դպրոցներ կան, որոնց վիճակն աղետալի է, և պետք է ինչ-որ մի պահի կանգ առնել։

-Դպրոցներ կան, որտեղ մատների վրա կարելի է հաշվել մասնագետներին, ոլորտներ կան, օրինակ, քիմիան, որտեղ ընդհանրապես մասնագետ չկա. այդ ինստիտուտը լրիվ ոչնչացվել է։ Մատների վրա  կարելի է հաշվել ուսուցիչների թիվը, որ խնդիր լուծել գիտի։ Գնալով ամեն ինչ վատանում է. պետք է հասկանանք, որ պետք է ինչ-որ մի տեղ կանգ առնել, և կրթությունն այն ոլորտը չի, որ ինքնահոսի թողնենք, կաշառակերության ճահճի մեջ խեղդենք։ Ամբողջ աշխարհում վճարում են, որ սովորեն, իսկ մենք  ապրում ենք մի երկրում, ուր վճարում ենք չսովորելու համար։ Այս արատավոր երևույթները պետք է ուղղակի պատերազմական գործողություններով կրթական համակարգի միջից արմատախիլ անենք. ուրիշ ձև չկա,-հավելել է նա։

Նրա խոսքերով՝ իրենք 200 աշակերտների իմացությունը տարբեր առարկաներից ստուգելով՝ եկել են այն եզրակացության, որ ամենավատ վիճակում գտնվում է հայոց լեզուն։

-Երեխաները հայերեն լեզվով խոսել, գրել, մտքեր արտահայտել չեն կարողանում։ Մեր ազգային դպրոցի հիմքը հայոց լեզուն և  լեզվամտածողությունը պետք է լինի, քանի որ այսօր իսկապես ոչնչանում է կրթական համակարգը,-նշել է Տեր Մերոպ Արամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը