Մեկնաբանություն

14.06.2016 08:35


Իշխանությունը բարձրացնում է իր պահպանման գինը

Իշխանությունը բարձրացնում է իր պահպանման գինը

2008-ից հետո Սերժ և Տիգրան Սարգսյաններն առաջ քաշեցին «Շահում ես դու, շահում է պետությունը» կարգախոսն ու անցան գործի:

Շատ չանցած՝ բոլորի համար պարզ դարձավ, որ ոչ դու ես շահում, ոչ էլ պետությունը: Հարկային բեռի տակ հայտնվում ես դու, արտագաղթում ես դու, պարտքի տակ է ընկնում պետությունը, տուժում է բանակը, իսկ շահում են մի քանի հոգի:

Սերժ Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության արդյունքները թվերով հիշեցնելու կարիք չկա: Բոլորն ամեն ինչ հիշում են ու հիմա էլ են շարունակում զգալ այդ քաղաքականության հետևանքները:

ՀՀ քաղաքացիների վրա այդ քաղաքականությունը «նստում» է տարեկան կես միլիարդ դոլար (չհաշված ֆորմալ ու ոչ ֆորմալ հարկային բեռը): Այդ չափով ավելանում է մեր պետական պարտքը, որն արդեն հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, և որը ՀՆԱ-ի 50 տոկոսի շրջանակներում է:

«Տնտեսական քաղաքականություն» կոչվածը մեզ մոտ հետևյալ բովանդակությունն ունի. պետական բյուջեն դարձել է «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող կոռուպցիոն սխեման աշխատացնելու գործիք: Ու քանի որ «վերևում» ախորժակի պակաս չի զգացվում, իսկ «ներքևում» չեն կարողանում բավարարել այդ ախորժակը, ուստի իշխանությունները դիմում են արտաքին պարտքի օգնությանը:

Հիմա այդ պարտքի չափը հասել է վտանգավոր սահմանագծի, բայց ախորժակի իջեցում չի նկատվում: Այդ իսկ պատճառով որոշել են կրկին նեղել «ներքևին»՝ Հարկային նոր օրենսգրքի միջոցով:

Նոր օրենսգրքով ավելի շատ փող հավաքելու խնդիր են դրել, որպեսզի վերը նշված սխեման շարունակի աշխատել, և հիշատակված ախորժակի բավարարումը լինի: Արդյունքում՝ հարվածի տակ են ընկնելու միջին եկամուտ ունեցող աշխատողները և միջին բիզնեսի ներկայացուցիչները, այսինքն՝ մեր հանրության բազմաչարչար միջին խավը:

Բանն այն է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծով սահմանված է եկամտահարկի ավելացում 204.000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար:

Ինչ մնում է փոքր ու միջին բիզնեսին, ապա տարեկան 40 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցողներն, ըստ նախագծի, կդառնան 20 տոկոս ավելացված արժեքի հարկ վճարողներ: Մինչդեռ այժմ տարեկան մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն ունեցողներն են ազատված ավելացված արժեքի հարկից: Մոտ երեք անգամ շրջանառության շեմի իջեցումը նշանակում է, որ փաստացի պատերազմ է հայտարարված միջին բիզնեսին: Անունը դրել են «խոշորների ու ստվերային տնտեսության դեմ պայքար», բայց իրականում բիզնեսին նեղելու և զուտ փող հավաքելու նպատակ են հետապնդում:

Փող հավաքելուց բացի՝ խնդիր են դրել բիզնես դաշտում խոշորացման գործընթացներն արագացնել, որպեսզի հետագայում մեկ հարվածով սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում իրականացնելն ավելի հեշտ լինի:

Իսկ այն հարցում, որ միջին բիզնեսը գործնականում դադարելու է գոյություն ունենալ Հարկային նոր օրենսգրքի արդյունքում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Տարեկան 40 միլիոն շրջանառություն ունեցողից բարձրերը եթե հայտնվում են միևնույն հարկման դաշտում, ապա պարզ է, որ միջին բիզնեսը չի կարողանալու դիմանալ այդ հարկային բեռին և փոքրանալու է, կամ էլ կլանվելու է խոշորի կողմից: Իսկ թե դա ինչի կհանգեցնի, և մենք արտագաղթի ինչպիսի նոր բացասական ցուցանիշներ կունենանք, դժվար չէ կռահել:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը քառօրյա բախումներից և ծանր կորուստներից հետո համապատասխան հետևություններ է արել: Նա տեսավ, որ ժողովուրդը հանդուրժում է իրենց: Հիմա որոշել է բարձրացնել իր իշխանության պահպանման գինը հարկային նոր բեռ դնելու նախագիծ ներկայացնելով:

Ուշագրավն այն է, որ իշխանական տիրույթի բիզնեսմենները ևս դեմ են Հարկային նոր օրենսգրքին և հիմնավոր փաստարկներ են ներկայացնում, թե ինչու չի կարելի մեծացնել հարկային բեռը, սակայն «վերևում» անդրդվելի են:

Հարցի լուծումը, բնականաբար, քաղաքական դաշտում պետք է փնտրել: Միայն քաղաքական լուրջ փոփոխությունները մեզ հնարավորություն կտան թոթափել այս նեոբոլշևիկյան լուծը:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ապրիլյան մարտերից հետո Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդում ուրախությամբ հայտարարում էր, որ ապրիլին իրենք 100 միլիարդ դրամից ավել հարկ են հավաքել: Մինչդեռ ուրախանալու բան չկար, քանզի ադրբեջանական դիվերսանտները առաջին գծի վրա էին հարձակվել, իսկ թիկունքում գործել էին հարկային դիվերսանտները:

Այս խորագրի վերջին նյութերը