Տնտեսական

11.06.2016 11:32


Արենի գյուղում երեք մարդուց երկուսը վարկեր ունի (տեսանյութ)

Արենի գյուղում երեք մարդուց երկուսը վարկեր ունի (տեսանյութ)

Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 63-ամյա Ասյա Սմոյանն արդեն 20 տարի է՝ աշխատում է ճանապարհամերձ շուկայում: Տնական գինի, ղավուրմա ու գյուղի այլ բարիքեր վաճառող կնոջ խոսքով՝ այդքան տարվա ընթացքում դեռ դժգոհ հաճախորդ չի ունեցել: Տիկին Ասյան «Vesti.am»-ին պատմել է, որ տարեցտարի արտագաղթն ավելանում է, իրենց առևտուրն էլ՝ պակասում.

-Հատկապես ապրիլյան պատերազմից հետո շատ-շատ է պակասել գործը,-ասել է նա:

Անդրադառնալով գյուղի խնդիրներին՝ նա նշել է, որ իրենց գյուղում յուրաքանչյուր երեք մարդուց երկուսը վարկեր ունի.

-Մարդիկ պարտքերը փակում են, հաջորդ տարի նորից վարկ վերցնում: Մարդիկ կան, որ արտագնա աշխատանքի են գնում, կարողանում են իրենց խնդիրները լուծել,-ասել է տիկին Ասյան՝ ընդգծելով, որ հիմա իր հարսն ու տղան էլ աշխատանք չունեն. թոռնիկը շուտով կավարտի դպրոցը, բայց հետագա ուսման հարցն օդում կախված է. հնարավորություն չունեն:

Տիկին Ասյան հիշում է՝ երբ աշխատում էր գյուղի խանութում, լավատես էր, բայց արդեն երկու տարի է՝ վիճակը գնալով վատանում է. լավ օրերը չի կարողանում մոռանալ.

-Սրանից հետո էլ ի՞նչ լավատեսություն,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Արենիի բնակիչները շատ աշխատասեր են ու իրենց քրտնաջան աշխատանքով են ապրում.

-Տոննաներով դեղձ, խաղող է լինում, բայց եթե դրա կողքին այլ աշխատանք էլ լինի՝ ամենամսյա աշխատավարձով, կարող են առաջ գնալ,-ասել է նա՝ ընդգծելով, որ իրենց գյուղից մարդիկ հազվադեպ են արտագաղթում. ուզում են իրենց քրտինքով իրենց հողամասերում աշխատեն, միայն թե գյուղից դուրս չգան:

Վերջին ցրտահարությունը վնասել է նաև տիկին Ասյայի ընտանիքին պատկանող դեղձի այգին.

-Դա էլ վերևից կախված բան է: Դրանով էինք վարկ փակում, էդ էլ որ ցուրտը տարել է, չգտեմ՝ ինչ է լինելու,-ասել է նա՝ կրկին լավատեսությունը չկորցնելով,-որ այսպես էլ մնա, էլի ոչինչ: Թող աշխարհում խաղաղություն լինի ամենակարևորը, մարդիկ էլ առողջ լինեն, մնացածը կամաց-կամաց կդասավորվի,-ընդգծել է տիկին Ասյան:

Մանրամասները՝ «Vesti.am»-ի տեսանյութում։

Աղբյուրը՝ Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը