Լրահոս

09.12.2009 08:44


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների հարցով Հայաստան-ԵՄ երկխոսության առաքելության հետ' ԵՄ նախագահող Շվեդիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերի, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Հանս Գուննար Ադենի, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարցերի տնօրինության Մարդու իրավունքների ստորաբաժանման տնօրեն Ռոլֆ Տիմանսի, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Խ. Սոլանայի' մարդու իրավունքների գծով անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկայի, Իսպանիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Սիլվիա Էսկոբարի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի մասնակցությամբ:  

Հանդիպմանը մանրամասն անդրադարձ է եղել Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Քննարկվել են Հայաստանում ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ առկա խոչընդոտները, նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններում տեղի ունեցած խախտումները: Հատուկ ուշադրություն է դարձվել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեությանը, տաս սպանությունների բացահայտման գործում առաջընթացի բացակայությանը: ՀՀ առաջին նախագահը նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը խոչընդոտ է երկրի բնականոն զարգացման, առկա մարտահրավերներին դիմագրավելու համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Վրադիմիր Կարապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը