Լրահոս

09.12.2009 12:43


Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարլ Բիլդի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Արեւելյան գործընկերություն ծրագրում ընդգրկված պետությունների եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի  բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Արտգործնախարարները գնահատեցին համագործակցության նոր ձեւաչափի  շրջանակներում կատարված աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Գործընկերության ներուժի առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ: 

Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որ Հայաստանը  ձգտում է առավել ամրապնդել Եվրոպական միության հետ հարաբերությունները: 

Անդրադառնալով գործընկեր երկրների հետ նոր որակի իրավա-պայմանագրային հարաբերություններ հաստատելու ԵՄ մտադրությանը՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ դա վկայում է վերջին տաս տարիներին հաստատված համագործակցության դրական արդյունքի մասին, եւ հայտնեց Հայաստանի պատրաստակամությունն աշխատել Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի մշակման եւ խորացված ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանը կարեւորեց նաեւ Արեւլյան գործընկերության շրջանակներում ռեգիոնալ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը. «ԵՄ գործընկեր պետության կողմից նման վարքագիծը  վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը, իսկ մասնակից երկրների կողմից արձագանքի բացակայությունն էլ ավելի է այն արժեզրկում» - ընդգծել է Է. Նալբանդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը