Տնտեսական

08.12.2009 17:44


Կառավարության հակաճգնաժամային ծրագիը 2+ է գնահատվում

Կառավարության հակաճգնաժամային ծրագիը 2+ է գնահատվում

Նոյեմբերի 26-ին Դուբայի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է խնդրել Dubai World պետական ներդրումային ընկերության վարկատուներին հետաձգել պարտքերի մարման ժամկետը կես տարով, ինչն առաջացրեց զգալի տատանումներ աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում։ Տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանն ասել է, որ  Dubai World ընկերության այդ հայտարարությունից հետո եվրոպական և համաշխարհային բոլոր բորսաներում մի քանի օր տեղի են ունեցել անկումային պրոցեսներ, իրարանցում, համարյա բոլոր ցուցիչների վրա գրանցվել է անգամ ամենամեծ ցուցանիշը՝ 3-4%։

Նրա խոսքերով՝ Հայաստանի վրա Դուբայի դեֆոլտն անմիջական ազդեցություն չի ունենա, որովհետև մենք Դուբայի հետ ներդրումային գործընկեր չենք։ Ըստ տնտեսագետի՝ Դուբայի դեպքերից հետո եվրոյի դիրքերի թուլացում և դոլարի դիրքերի ավելացում տեղի կունենա, և քանի որ դոլարիզացիայի մակարդակը Հայաստանում շատ բարձր է, տնտեսվարող սուբյեկտները կարող են օգտվել դրանից։

-Վտանգավորն այն է, որ կարող է առաջանալ դուբայական սինդրոմ, ինչը հնարավոր է։ Կան ենթադրություններ, որ աշխարհի այլ կետերում կհարվածի անշարժ գույքի շուկաներին։ Եթե շղթայական լինի, ապա Հայաստանը չի կարող անմասն մնալ։ Առաջին հերթին այն ազդելու է անշարժ գույքի շուկայի և շինարարության վրա,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե այս պայմաններում որքան իրատեսական է կառավարության ներկայացրած բյուջեն, Սամվել Ավագյանը պատասխանել է, որ ՀՆԱ-ի 1,2% աճը քիչ է՝ հաշվի առնելով այն, որ ի դեմս միջազգային վարկերի՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունի, և ճիշտ օգտագործելու դեպքում կարող է ոտքի կանգնել։

-Եթե կառավարությունը վարկերն օգտագործելով՝ տնտեսական աճ ապահովի, ապա ի վիճակի կլինի մարել վերցրած պարտքը, իսկ եթե տեմպերը լինեն ցածր ու իրենց կանխատեսածի շրջանակներում, 1,2 % աճի դեպքում դա  հնարավոր չի լինի,-նշել է նա։

Այն հարցին, թե ինչպես է տնտեսագետը գնահատում կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, նա պատասխանել է. «Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին արձանագրվել է 5,1% անկում սեպտեմբերի նկատմամբ, ուրեմն գնահատում եմ 2+»։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը