Մեկնաբանություն

06.06.2016 10:00


Ինչ է կատարվում Ղարաբաղում

Ինչ է կատարվում Ղարաբաղում

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը շատ խորհրդանշական ու կոնտրաստային ստացվեց:

Բաբայանը դուրս է ստանդարտից և հերթով պայթեցնում է իշխանությունների փչած փուչիկները՝ բացելով մարդկանց աչքերն ու փոխելով խաղի կանոնը:

Նա բացահայտում է ստերն ու կեղծիքները՝ թույլ չտալով մանիպուլյացիաների միջոցով ֆռռացնել հանրությանը:

Ապրիլյան թեժ մարտերի վերաբերյալ նրա տված գնահատականը և դրան հաջորդած ծղրտոցները ցույց տվեցին, որ հակառակ ճամբարում անելիք չունեն: Դե, իսկ պաշտպանական նոր ռազմավարության վերաբերյալ բովանդակային ընդդիմախոսության բացակայությունն էլ իր հերթին ցույց տվեց, որ ոմանք ասելիք չունեն:

Մինչև Բաբայանի հայտնի հարցազրույցն իշխանությունները, թաքցնելու համար սեփական թալանչիական գործունեության և հանցավոր անգրագիտության հետևանքով արձանագրված ցավալի կորուստները, հեքիաթներ էին հորինում ապրիլյան չորսօրյա մարտերի վերաբերյալ:

Մենք չորս օրում հարյուրից ավելի զոհ տվեցինք, տարածքներ կորցրեցինք ու դատարկված բնակավայր ունեցանք, բայց Բ26-ից հուպ էին տալիս «ռազմահայրենասիրական» պաթոսն ու «ներազգային միասնության» դեմագոգիկ սցենարը, որպեսզի կեղծ օրակարգերի միջոցով խուսափեն պատասխան տալուց և մեզ համոզեն, որ ի վնաս մեզ ստատուս քվոյի փոփոխությունը մեր հաղթանակն է: Բաբայանն իր վերադարձով իշխանական քարոզչանախագծերն ուղարկեց գրողի ծոցը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղում երեկ տեղի ունեցածին, ապա դա նույնպես իշխանությունների սարքած «ստերիլ» վիճակի հակապատկերն էր: Ստեփանակերտում վաղուց այսպիսի բան տեղի չէր ունեցել:

Բաբայանին դիմավորելու եկած հազարավոր քաղաքացիները՝ ահելից մինչև ջահել, յուրօրինակ հակադատավարություն անցկացրեցին Եղբայրության հուշահամալրի մոտ՝ իրենց գնահատականը տալով ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավարի դեմ շինծու մեղադրանքներին ու տարիներ շարունակ շրջանառության մեջ դրված բամբասանքներին: Դե թող հիմա էլ իշխանական քարոզչամեքենան տարածի, թե, իբր, Բաբայանին Ղարաբաղում չեն ընդունում: Ինչևէ:

Քարոզչամեքենայի կողմից «դիկտատոր» հռչակված Բաբայանը բացեց վախի ամուր փակված դռները և դեմոկրատիայի նախասկզբնական ակցիայի հերոս դարձավ:

Ինքնաբուխ հավաքը մեզ ցույց տվեց լրիվ այլ պատկեր, ինչ մենք սովոր ենք տեսնել Ղարաբաղից: Մեզ միշտ մատուցել են հետևյալը՝ Ղարաբաղում գրեթե հրեշտակային իշխանություն է, և կա այդ իշխանության հանդեպ սիրով լցված ժողովուրդ։

Երեկ չկար այն «ստերիլ» վիճակը, որը տարիներ շարունակ հեռուստաէկրաններից մեզ է մատուցվում: Հազարավոր ղարաբաղցիներ պարզապես պոռթկացին ու տարիներ շարունակ իրենց ներսում կուտակածը ցույց տվեցին: Բողոքը դուրս էր թափվել փողոց:

Ինչպես հայտնի է, Ղարաբաղի մասով հայաստանյան քարոզչական դաշտում օգտագործվում է «Կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» մոդելը: Այսինքն՝ Ղարաբաղը միտումնավոր դարձրել են մեռած օրգանիզմ: Ղարաբաղցիների երեկվա ինքնաբուխ հավաքը ցույց տվեց, որ գործ ունենք կենդանի օրգանիզմի հետ, իսկ դա լավ է:

Մարդիկ հիմա տեսնում են, որ Ղարաբաղի իշխանությունները միայն սելֆիների հերոսներ չեն, և որ Ղարաբաղում քաղաքացիներն առիթ էին ման գալիս իրենց խոսքն ասելու համար:

Շուրջ 10 տարի Ղարաբաղում չեղած Բաբայանին դիմավորելու ակցիան ղարաբաղցիների յուրօրինակ բողոքի խոսքն էր՝ ուղղված ՀՀ և ԼՂՀ իշխանություններին: Նաև՝ գնահատականը: Գեներալն, ինչպես միշտ, կրակը վերցնում է իր վրա ու դառնում բաց «ներվ»: Մնացածը ժողովրդի որոշելիքն է:

Մարդկանց տարիներ շարունակ Ղարաբաղում ասել էին, թե Բաբայանն այլևս չի վերադառնալու, և նրա վրա հույս պետք չէ դնել: Երեկ այդ մի «բլեֆն» էլ պայթեց:

Թե ինչ զարգացումներ կհետևեն այս ամենին, դժվար է ասել: Մեկ բան, սակայն, հստակ է՝ ապրիլից հետո մենք հայտնվել ենք լրիվ նոր իրավիճակում, և ակնհայտ է, որ Հայաստանում իշխող խմբակն ադեկվատ չէ այս նոր իրավիճակին, ու մենք դատապարտված ենք գնալ մեծ փոփոխությունների: Բաբայանը փոփոխությունները խթանողի գործառույթ է իրականացնում:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Երեկ ինքնաբուխ հավաքի հազարավոր մասնակիցների անունից ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը պահանջ է ներկայացրել ԼՂՀ իշխանություններին՝ Բաբայանին հանձնել ԼՂՀ պաշտպանական համակարգը: Նա հայտարարել է, որ այդ պահանջի բավարարմանը հասնելու համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Այն հարցում, որ Խանումյանը հանրային պահանջ է բարձրաձայնել, երկրորդ կարծիք չկա: Նույնիսկ Բաբայանի ամենամոլի հակառակորդներն են ընդունում, որ ռազմական հարցերում մենք նրան հավասարը չունենք:

Եթե Հայաստանի ու Ղարաբաղի իշխանություններն առարկայորեն չարձագանքեն Բաբայանի պաշտպանական նոր ռազմավարությանը, չգնան հանրային պահանջին ընդառաջ ու բանակում կադրային լուրջ վերափոխումներ չիրականացնեն, ապա դա հերթական անգամ ցույց կտա, որ սրանք անձնական աթոռային հարցերը վեր են դասում պետական շահից, իսկ «ներազգային միասնություն» ասելով նկատի ունեն այն, որ իրենք թալանում են, իսկ կռվի ժամանակ թշնամու արկերին ու հրթիռներին սեփական ոգին և մարմինը դեմ տալու առաքելությունը մեծահոգաբար զիջում են շարքային քաղաքացիներին: Վերջիններս համաձա՞յն են այդ ամենի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը