Մեկնաբանություն

06.06.2016 02:15


Կրակոց և տեսարաններ՝ Հռոմի պապի այցին ընդառաջ

Կրակոց և տեսարաններ՝ Հռոմի պապի այցին ընդառաջ

Հռոմի պապի հայաստանյան այցին ընդառաջ՝ սուրբ քաղաք Էջմիածնում սիցիլիական կրքեր են եռում:

Սուրբ Աթոռի քահանայապետը գալիս է այստեղ խաղաղության աղոթք հնչեցնելու, իսկ մեր Սուրբ Աթոռ Էջմիածնի շրջակայքում մարտաֆիլմի կանոններով «սամասուդի» տեսարաններ ենք դիտում:

Վերջին երեք օրերին կրակոցների եւ սպանության երկու դեպք է արձանագրվել Էջմիածին քաղաքում: Սպանվածներից մեկը 59-ամյա Արտակ Գրիգորյանն է, որն, ըստ տեղեկությունների, գեներալ Մանվել Գրիգորյանի վարորդներից մեկի հայրն է: Իսկ մյուս զոհը 42-ամյա Համլետ Պատուրյանն է, որը Վոլգոգրադից վերադարձել էր Հայաստան եւ Էջմիածնում զբաղվում էր բարեգործական գործունեությամբ, աջակցում էր սոցիալապես անապահով ընտանիքներին (երեք երեխաների հայր էր, ըմբշամարտիկ, սեփական միջոցներով ստեղծել է մարզական կենտրոն):

Երկու սպանություններն, ըստ որոշ տեղեկությունների, կապված են մեկը մյուսի հետ:

Ակնհայտ է, որ վերջին տարիներին հանրապետությունում քրեական իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, եթե չասենք՝ տագնապալի եւ վտանգավոր: Օր չկա, որ մահվան ելքով արտակարգ դեպքերի, սպանությունների, ինքնասպանությունների, տարաբնույթ այլ ծանր հանցագործությունների մասին չլսենք: Այս ամենը մի տեսակ շատ սովորական է դարձել: Երբ իշխանությունը, կոնկրետ պատասխանատուները իրավիճակին ոչ համարժեք են գործում, հանրային կյանքում կրիմինալը դառնում է «նորմ»:

Ի դեպ, նկատե՞լ եք, որ իշխանական քարոզչամեքենան այլեւս չի օգտագործում «աղմկահարույց սպանություն» արտահայտությունը: Այլեւս իմաստ չունի, քանի որ այն, ինչ կատարվում է մեր շուրջը, կարելի է այդպիսին որակել:

Բացի այդ՝ գլխավոր պատասխանատուին նման արտահայտություններ դուր չեն գալիս, ինչպես մեկ-երկու տարի առաջ բոլորին նախատում էր, թե՝ մի՛ ասեք «ահագնացող արտագաղթ»:

Արմավիրի մարզից շա՜տ հեռու Սյունիքում էլ կրիմինալը մի՛շտ երկրորդ երիտասարդությունն է ապրում: Բայց դե, դա չի խանգարում, որ մարզպետը վերանշանակվի իր պաշտոնում:

Թե հիմա այս ողբերգական դեպքերը ինչ հանգամանքներով են պայմանավորված, ինչ դրդապատճառներ են եղել, կամ դրանց իրականացման հարցում որքանով են «խառնված» տեղական «բդեշխները», դա իրավապահների պարզելու խնդիրն է: Փաստն այն է, որ երեք օրում երկու մարդու են սպանել, ինչը երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի հետեւանք է: Սակայն ուշագրավն այն է, որ առաջիկայում Էջմիածնում է լինելու Հռոմի պապը, որն իր եռօրյա այցի զգալի մասը անցկացնելու է Մայր Աթոռում «բարիգալստյան արարողություն, առանձնազրույց, պատվիրակությունների ներկայացում, բաց խորանի վրա պատարագի մատուցում» եւ այլն):

Պարզ է նաեւ, որ սրբազան քահանայապետի այցից իշխանությունը մի հզոր «շոու» է սարքելու: Արդեն նշվում է, որ Հանրապետության հրապարակում նրա մասնակցությամբ խաղաղության աղոթքին շուրջ 60 հազար մարդ է մասնակցելու: Այսինքն՝ «ներազգային միասնության» հերթական սերիան է խաղարկվելու:

Նման պատրանք ստեղծելու առիթը հո ձեռքներից բաց չե՞ն թողնելու: Չորսօրյա պատերազմի հետեւանքները, երկրում տիրող խայտառակ իրավիճակը քողարկելու հիանալի առիթ է՝ «Բա, տեսե՜ք, թե ով ա մեզ հարգել ու եկել» մեծամիտ կեցվածքով:

Ի դեպ, 2001-ին Հռոմի պապն այցելել է Հայաստան եւ մասնակցել Ծիծեռնակաբերդում մատուցված պատարագի արարողությանը: Սակայն այն ժամանակ ամեն ինչ կազմակերպվեց պատշաճ եւ զուսպ ձեւով՝ չփորձելով այդ այցից «աչոկներ» հավաքել: Բայց հիմա՝ այս քրեական համապատկերին, ներքին եւ արտաքին քաղաքական ձախողումների ֆոնին գործող իշխանությանն ու նրա ղեկավարին օդ ու ջրի պես անհրաժեշտ են նման «աշխարհացունց» ակցիաները՝ կարծելով, թե ժողովուրդը հետեւելով տեսարաններին՝ մոռացության է մատնելու չլուծված եւ օրավուր խորացող խնդիրները:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը