Աշխարհ

04.06.2016 12:20


Էրդողան. «Ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ աչքերին»

Էրդողան. «Ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ աչքերին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկա կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Haberler.com»–ին հղումով։

Աղբյուրի փոխանացմամբ՝ Էրդողանն առաջ է քաշել այն պնդումը, թե Հոլոքոստի և 1915թ. դեպքերի միջև որևէ նմանություն չկա: Որպես ապացույց՝ Թուրքիայի նախագահը վկայակոչել է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք կարելի՞ է Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը մեկնաբանել որպես պատասխան քայլ փախստականների հարցում Թուրքիայի վարած քաղաքականության, Էրդողանը պատասխանել է.

«Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների հետ ընդունման համաձայնագիրը և առանց անցագրի ռեժիմը, առնչվում են միայն Եվրամիությանը»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս երկու ծրագրերը պետք է միաժամանակ կյանքի կոչվեն, հակառակ դեպքում Թուրքիան կարող է չկատարել պարտավորությունների իր մասը:

Իսկ հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիան՝ ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի քայլի, Էրդողանը նշել է.

«Գերմանիայի խորհրդարանի որոշումը լավ նախանշան չէ: Բայց նախ պետք է հարկ եղածի պես ծանրութեթև անենք: Զայրույթով գործի անցնելն ու վնասով ավարտելը մեզ պատիվ չի բերի»:

Էրդողանն ընդգծել է նաև, որ դեռևս վաղ է խոսել Գերմանիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: Սակայն հավելել է.

«Այստեղ ինչ-որ արտաքին ուժ կա: Ինչո՞ւ: Որովհետև քվեարկության ընթացքում մեկ ձեռնպահ, մեկ դեմ գրանցվեց, և եղան նաև քվեարկությանը չմասնակցողներ: Մի՞թե այս հարցը Գերմանիայի համար այդ աստիճան ազգային նշանակություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը չընդունվեց 1915թ. դեպքերի հարյուրամյակին՝ անցյալ տարի: Այս հանգամանքները, իհարկե, մտածելու տեղիք են տալիս: Նրանք պետք է որ վերևից համապատասխան հրահանգ ստացած լինեն, որ նման քայլ կատարեցին: Հիմա ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաներն ինչ երեսով են նայելու իմ, մեր վարչապետի աչքերին»:

Իսկ հարցին, թե արդյոք Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ներկա իրավիճակը կարող է բացասաբար ազդել Թուրքիա-ԵՄ բանակցությունների գործընթացի վրա, Էրդողանը պատասխանել է, թե այս իրադարձությունը պետք է գնահատել միայն Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: Ըստ նրա՝ ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունները այս համատեքստում դիտարկելը ճիշտ չէ:

«ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը