Աշխարհ

03.06.2016 10:37


Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի սատարում Գերմանիայի դեմ մեջլիսի հռչակագրի ընդունմանը

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի սատարում Գերմանիայի դեմ մեջլիսի հռչակագրի ընդունմանը

Թուրքիայի խորհրդարանական 4 խմբակցություններից 3-ը որոշում են կայացրել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ համատեղ հռչակագրով հանդես գալ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ազգային մեծ ժողովի փոխնախագահ Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, որ մեջլիսի նախագահությունը դատապարտում է Գերմանիայի կողմից այդ բանաձևի ընդունումը: Նա տեղեկացրել է, որ հռչակագրի ընդունման համար հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մեջլիսի փոխնախագահն այնուհետև խոսքը փոխանցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, որոնք բանաձևին սատարելու պատրաստակամություն են հայտնել:

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) հրաժարվել է միանալ նախաձեռնությանը: ԺԴԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը նշել է, որ իրենք միշտ կողմ են արտահայտվել պատմության հետ առերեսվելուն: Հայտնելով, որ իր կուսակցությունը հավանություն չի տալիս հռչակագրի տեքստին, Բալուքենը նշել է, որ Գերմանիայի խորհրդարանի որոշմանը պետք է պատասխանեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը:

«ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը