Հարցազրույց

02.06.2016 14:32


Անդրանիկ Թևանյան. «Բաբայանի խոսքն իրարանցում առաջացրեց ճահճում և հեղափոխություն՝ մարդկանց ուղեղներում»

Անդրանիկ Թևանյան. «Բաբայանի խոսքն իրարանցում առաջացրեց ճահճում և հեղափոխություն՝ մարդկանց ուղեղներում»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը «Zham.am»–ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ հանրային մեծ հնչեղություն ստացած հարցազրույցին։

–Պարո՛ն Թևանյան, Սամվել Բաբայանի վերադարձի հետ կապված տարատեսակ մեկնաբանություններ կան։ Ինչո՞վ դա կբացատրեք։

–Նախ՝ ասեմ, որ ես և՛ որպես ՀՀ քաղաքացի, և՛ որպես Բաբայանի ընկեր՝ ուրախ եմ նրա վերադարձի համար։

Դատելով արձագանքներից՝ Բաբայանի վերադարձն ավելի քան սպասված էր հանրության համար, հատկապես ապրիլյան դեպքերից հետո։ Համոզված եմ, որ շատերը նորովի ճանաչեցին գեներալին, քանզի դրանից առաջ միայն բամբասանքային ճնշումների տակ էին գտնվում։

Այս օրերին հարյուր հազարից ավելի մարդ է հետևում նրա խոսքին միայն ինտերնետային տիրույթում։ «Youtube»–ում այս պահին արդեն արձանագրվել է նրա հետ «Սիվիլնեթի» հարցազրույցի ավելի քան 85 հազար դիտում։ Փակ և մենաշնորհացված հեռուստաեթերի պայմաններում սա լուրջ ճեղքում է, ինչը հաստատում է այն տեսակետը, որ եթե մարդն ասելիք ունի, և այդ ասելիքը պահանջված է, ապա առաջին հայացքից ամուր թվացող պատնեշը կարելի է փլուզել մեկ հարվածով։

Եթերի վրա մեծ կողպեք են կախել, որպեսզի բթացման սիմֆոնիային հանկարծ ոչ մի բան չխանգարի։ Բայց միտքը քար կարող է ծակել։

–Ի՞նչ բացահայտեց նրա հարցազրույցը։

–Նա ասաց այն, ինչ գիտեին կամ զգում էին բոլորը, բայց չէին կարողանում ճիշտ ու մասնագիտական ձևակերպում տալ ու արտահայտվել։ Ապրիլից հետո բազմաթիվ հարցեր առաջացան, նաև՝ կասկածներ ու տագնապներ։ Բաբայանը տվեց պատասխաններ, զինվորականի սառնասրտությամբ խոսեց խնդիրների մասին ու առաջարկեց մասնագիտական լուծումներ։

Բացի այդ՝ Բաբայանը ցույց տվեց, թե որքան կեղծիք կա մեր երկրում, թե որքան ոչ ադեկվատ են «վերևում», և որքան ջանք է պետք գործադրել այս վիճակից դուրս գալու համար։

Ինչ վերաբերում է Ձեր նշած տարատեսակ մեկնաբանություններին, ապա այս հարցում պետք է հստակություն մտցնել։ Որքանով ես եմ արձանագրել՝ Բաբայանի հետ կապված տարատեսակ մեկնաբանություններ չկան. կա 99 տոկոս դրական, այսինքն՝ ոչ թե տարատեսակ, այլ միանման կարծիք, կես տոկոս՝ չեզոք, և կես տոկոսի հասնող բացասական արձագանք։ Վերջինը՝ հիմնականում «պետպատվերով»։

Ի դեպ, ցավով պետք է արձանագրեմ, որ հայկական ու ադրբեջանական համացանցային հարթակներից Բաբայանի դեմ առկա վայրահաչոցը նույն «լադի» վրա է։ Նույն «մուղամն» է։

–Բաբայանը նորովի գնահատեց ապրիլյան մարտական գործողությունները և տվեց իր մեկնաբանությունը տեղի ունեցածի կապակցությամբ։ Փաստարկված ու մասնագիտական հակադարձում կամ ընդդիմախոսություն չկա։ Լռությունը համաձայնությա՞ն նշան է։

–Իսկ ի՞նչ պետք է ասեին կամ ինչպե՞ս հակադարձեին։ Կա՛մ պետք է ստեն, կա՛մ բանավեճը տեղափոխեն դեմագոգիայի հարթություն։

Օրինակ՝ ՀՀ ՊՆ–ից հնչած պաշտոնական տեսակետից պարզ է դառնում, որ մեր վիճակը շատ մտահոգիչ է ու ծանր, քանզի ոմանք պատկերացում չունեն, թե ինչն ինչոց է։

Երբ հայտարարվում է, թե ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրները, բացառությամբ երկու–երեքի, չունեն հակահրթիռային պաշտպանության միջոցներ, ապա դա երկու բան է նշանակում՝ կա՛մ որոշել են հանրությանը կրկին շարունակել խաբելը, կա՛մ իրոք չեն տիրապետում, թե ինչ ունի, և ինչ չունի մեր հակառակորդը։

Փաստն այն է, որ Ադրբեջանը 2014–ից հետո արդեն զինված է իսրայելական «Երկաթյա գմբեթ» կոչված հակահրթիռային պաշտպանության համակարգով։ Սա բաց ինֆորմացիա է, և ամբողջ աշխարհը գիտի դրա մասին (այդ մասին իմանալու համար պետք չէ ռազմական փորձագետ լինել), բայց պարզվում է՝ մերոնք չգիտեն։ Կամ էլ գիտեն, բայց ստում են և հանրությանն առաջարկում հնարավոր նոր պատերազմի դեպքում մնալ հրթիռների տակ՝ «հիմնավորելով», որ սահմանափակ թվով երկրներ ունեն նմանատիպ պաշտպանական միջոցներ, հետևաբար պետք է ըմբռնումով մոտենալ հրթիռների տակ մնալու հեռանկարին։ Եվ սա կոչվում է պաշտպանական ռազմավարությո՞ւն։

Պարզվում է՝ առաջնագծում տիրող վիճակն ու ռազմական բախումներից հետո արձանագրված անցանկալի արդյունքները շատ նուրբ անվանում ունեն՝ «ժամանակավոր մանևր»։ Այդ «մանևրի» արդյունքում Թալիշում այլևս մարդ չի ապրում։ Մեկ–երկու այդպիսի «մանևր», և կարելի է արդեն պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ։

–Ըստ Ձեզ՝ հիմա ինչո՞վ է զբաղված իշխանությունը։ Հետևություններ չե՞ն արվել ապրիլից հետո։

–Իշխանությունները վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին և անում են այն, ինչ մինչև ապրիլյան բախումները։ Անպատասխանատվության խրախճանքը շարունակվում է։

Հանրությանն ուզում են համոզել, որ մարդկային լուրջ կորուստներ տալը, Թալիշն անմարդաբնակ թողնելն ու տարածք հանձնելը հաղթանակ է՝ «ժամանակավոր մանևր»։ Աստված մեզ հեռու պահի նման «հաղթանակներից» և «մանևրներից»։

–Մի տեսակ նյարդային են դարձել ոմանք Բաբայանի հարցազրույցից հետո։ Փորձում են լրահոսը լցնել բանսարկությամբ ու շեղող թեմաներով։ Ինչո՞վ դա կբացատրեք։

–Բաբայանն ասաց ողջ ճշմարտությունը, և դրա համար է ճահճի մեջ իրարանցում առաջացել, իսկ մարդկանց ուղեղներում՝ հեղափոխություն։

Ռազմական իրավիճակի, պատերազմի ու խաղաղության թեմայով նրա վերջին հարցազրույցը, առանց չափազանցության, կարելի է պատմական համարել։ Հետևությունները պետք է անենք մենք՝ քաղաքականությամբ զբաղվողներս, ու ողջ հասարակությունը։ Այդ խոսքն ավելի շատ մեր պետության ապագային էր վերաբերում, քան առանձին վերցրած ապրիլյան մարտերին։

Բաբայանին կարելի է անձնապես ընդունել կամ չընդունել, կիսել նրա գաղափարական հայացքները կամ չկիսել, բայց հաշվի չնստել և լուրջ չմտորել նրա ասածների վերաբերյալ հակապետական մոտեցում կլինի։

«Մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ և անվտանգ ապրել». սա՛ է Բաբայանի գլխավոր հարցադրումը, և այս հարցադրման վերաբերյալ է նա լուծումներ առաջարկում։

–Դուք ինչպե՞ս եք գնահատում նրա առաջարկները անվտանգության նոր ռազմավարություն ընդունելու մասով։

–Ես ռազմական ոլորտի մասնագետ չեմ, բայց Բաբայանն իր հարցազրույցով այնքան պարզ է բացատրել իր առաջարկած նոր համակարգի էությունը, որ ինձ ու, համոզված եմ, շատերի համար ամեն ինչ հասկանալի է և ընդունելի։

Ամենակարևորը, որ կուզենայի ընդգծել նրա առաջարկած ռազմավարության մեջ, մարդն է։ Մարդու կյանքը, որը բարձրագույն արժեք է։

Նա առաջարկում է նախ ամուր պաշտպանություն ստեղծել ու պաշտպանել զինվորի կյանքը, ապա նոր մյուս հարցերով զբաղվել, այլ ոչ թե զինվորի ոգին ու մարմինը դեմ տալ թշնամու արկերին և հրթիռներին՝ «ժամանակավոր մանևրի» շրջանակներում։

Այն, որ այս իշխանությունների համար ՀՀ քաղաքացու կյանքն արժեք չունի (լինի դա մայրաքաղաքում կամ առաջնագծում), հերթական անգամ համոզվեցինք ապրիլյան թեժ մարտերի ժամանակ։

Երևանում արված թալանն իր վրա զգաց մեր զինվորը։ Ընտրակեղծիքի, կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման և պետական մտածելակերպի բացակայությունը նույնպես իր վրա զգաց մեր զինվորը, իսկ սրանք դեռ խելքի չեն եկել։

Կարևորը, սակայն, այն է, որ հանրության մոտ է մտքի շարժում նկատվում։ Անվտանգության բնազդն արթանացել է, և կամաց–կամաց առաջ է գալիս գիտակցված ընտրություն կատարելու պահը։ Ափսոս, որ շատ ծանր գին ենք վճարում այս ընթացքում։

–Բաբայանն իր խոսքում նշեց, որ առաքելություն ունի Ղարաբաղում։ Ի՞նչ առաքելության մասին է խոսքը։ Մենք գիտենք, որ Դուք հաճախ եք իր հետ հանդիպում, և դժվար թե այս հարցը շոշափած չլինեք։

–Նախ՝ ասեմ, որ Բաբայանն իր տեսակով այնպիսի մարդ է, որ նրա հրապարակայնորեն հնչեցրած մտքերն ու մասնավոր զրույցներում ասվածը բովանդակային առումով իրարից չեն տարբերվում։ Այս առումով ես նոր բան չեմ կարող բացահայտել։ Նա մեկնում է Ղարաբաղ, որպեսզի, ինչպես ինքն ասաց, լինի ժողովրդի կողքին ու իր մասով օգուտ տա։ Շատ անբնական կլիներ, որ նա դա չաներ։ Ղարաբաղ գնում է ոչ թե «գալոչկայի» համար կամ այլ նպատակներով, այլ որպեսզի լինի այն ժողովրդի կողքին, որին տարել է դեպի հաղթանակներ, և որին հիմա դարձրել են օբյեկտ։ Ինքն իր մասով պատրաստ է ցանկացած կարգավիճակում օգնել դուրս գալ այս իրավիճակից։ Մնացածը ղարաբաղցիների որոշելիքն է։

Եթե մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ պետք է Ղարաբաղին դարձնել բանակցային կողմ և ինքնուրույն գործոն, և որ պետք է ուժեղացնել մեր անվտանգության համակարգը, ապա դրանք լոկ խոսքեր չպետք է լինեն։ Ղարաբաղը պետք է որոշում կայացնի։ Ղարաբաղցիները պետք է ներքին ինքնորոշման գնան։ Մնացածը տեղում կերևա։ Նույնը կարող եմ ասել նաև Հայաստանի մասով։

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը