Հարցազրույց

01.06.2016 22:40


Սամվել Հարությունյան. «Մենք շատ բան ենք սովորել Բաբայանից»

Սամվել Հարությունյան. «Մենք շատ բան ենք սովորել Բաբայանից»

Հարցազրույց Սյունիքի մարզի Որսորդ միության նախագահ Սամվել Հարությունյանի հետ

–Այսօր թիվ մեկ քննարկվող անձանցից է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը, ով իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր ապրիլյան թեժ մարտերին, տվել դրանց գնահատականը, խոսել մեր կորուստների պատճառների մասին և առաջարկել լուծումներ։ Եթե շատերը Ս.Բաբայանին ճանաչում են արցախյան պատերազմի տարիներից, ապա, որքան տեղյակ եմ, դուք նրան գիտեք դեռևս բանակային շրջանից։ Ի՞նչ հիշողություններ ունեք գեներալ–լեյտենանտի մասին։

–1984 թվին զորակոչվել եմ բանակ՝ Սովետական Միության ժամանակ։ Ծառայել եմ Գերմանիայում։ Երբ հասանք մեր ծառայության վայրը, այնտեղ արդեն ծանոթացանք Սամվել Բաբայանի հետ, ինքն արդեն 6 ամսվա ծառայող էր Գերմանիայում՝ 197 տանկային գվարդիական գնդում։ Շատ լավ հիշողություններ ունեմ Բաբայանի մասին. մենք շատ բան ենք սովորել Բաբայանից։

Մի դեպք պատմեմ. բնականաբար, որտեղ մի հեշտ գործ կար, օրինակ՝ ճաշարանում, պահեստում, կոշկակար, դերձակ, վարսավիր, հայերն այնտեղ էին։ Ու միշտ, երբ հավաքվում էինք հայերով, Սամվել Բաբայանը գալիս ասում էր՝ ինչի՞ եք ամեն մեկդ մի հեշտ գործ գտել, գնացեք մեկդ տանկիստ դարձեք, մյուսդ՝ գնդացրորդ և այլն. մի օր պետք է գալու մեզ։ Սամվել Բաբայանի հրետանային դիվիզիոնն այն ժամանակ արդեն հմուտ կատարում էր իր առջև դրված առաջադրանքը։ Արդեն այն տարիներից զգացվում էր, որ նա ապագայում գեներալ և լավ ստրատեգ է դառնալու։ Մեր վաշտի հրամանատարը Սամվել Բաբայանին շատ էր հարգում, որովհետև հմուտ էր ռազմական գործում, դիվիզիոնում կարգուկանոնն անթերի էր, համար մեկն էր. բոլորի համար օրինակ էր ծառայում։ Ինչ ասում եմ նրա մասին, նույնիսկ քիչ եմ ասում. մենք 67 հայ ենք եղել, և որին էլ հարցնեք, իմ խոսքերը կհաստատեն։

–Օրեր առաջ՝ Հայաստան վերադառնալուց հետո, Սամվել Բաբայանը հանդես եկավ ծավալուն երկու հարցազրույցով։ Ի՞նչ տպավորություն եք ստացել նրա արտահայտած մտքերից։

–Ով ռազմական գործից հասկանում է, նաև կհասկանա, որ ինչ Սամվել Բաբայանն ասել է, հենց այդպես էլ կա։ Նրա մատնանշած բոլոր խնդիրներն առկա են։ Նա երբեք չի կարող սխալվել։ Սամվել Բաբայանը ծնված օրից ռազմական գործի մարդ է։ Ես նրա առաքելությունը տեսնում եմ մեր բանակի, մեր երկրի անվտանգության գործում, ու դա շատ–շատերն են պնդում, որովհետև մարդիկ ականատես են եղել նրա անցած մարտական ուղուն։

Արցախում էլ են նրան սպասում։ Այնտեղ բազմաթիվ ընկերներ ունենք, բոլորն էլ ասում են, որ նրա ներկայությունը պարտադիր է և պահանջված։ Մի բան հաստատ կարող եմ ասել՝ նա միակն է, այդ մարդու դեմ խաղ չկա. ռազմական գործի միակ մասնագետն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը