Մեկնաբանություն

01.06.2016 13:05


Բաբայանի տված ախտորոշումն ու առաջարկած բուժումը

Բաբայանի տված ախտորոշումն ու առաջարկած բուժումը

Ապրիլյան չորսօրյա պատերազմից երկու ամիս անց «Սիվիլնեթ» կայքին տված հարցազրույցում Սամվել Բաբայանի արած հայտարարություններն ու գնահատականները կարելի է բնութագրել որպես ռազմական գործչի կողմից հնչեցրած հեղինակավոր, ծանրակշիռ խոսք:

Երկու ամիս պետք եղավ, որ վերջապես մենք լսեինք իրազեկ, գիտակ, կոմպետենտ մարդու խոսք: Բնականաբար, մտահոգ հայ մարդու խոսք: Պատահական չէ, որ ԼՂՀ ՊՆ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը տեւական բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել երկրի, բանակի, բոլորիս համար ծանր փորձության պահին՝ անկեղծ ցանկություն եւ պատրաստակամություն դրսեւորելով առավելագույն չափով օգտակար լինելու հայրենիքի պաշտպանության գործին: Իսկ որ այդ գործում նա կարող ուժ է, դրանում ոչ ոք կասկած չունի: Ապացույցը՝ հմուտ ռազմավարի նրա կենսագրությունը, որն առանձնանում է բացառապես հաղթանակներով:

Ապրիլի առաջին օրերին, գնահատելով ճակատում տիրող իրավիճակը, նա իրավացիորեն նկատում է բանակում առկա թերություններն ու ցածր կարգապահական վիճակը, ինչի հետեւանքով թշնամին հաջողություն արձանագրեց: Մի բան, որ անգամ թշնամու համար էլ անակնկալ էր:

Հայտնի է, որ դեռեւս 2013-ին է Բաբայանը ծավալուն նամակ հասցեագրել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին եւ զգուշացրել սպասվող հարձակումների մասին: Այդ նամակում նա նաեւ լուծումներ է առաջարկել, որոնք կիրառելու դեպքում հնարավոր կլիներ կանխել բախումները, իսկ եթե դրանք լինեին, ապա նվազագույն կորուստներով հաղթական արդյունքներ արձանագրեինք:

Նամակում ներկայացված մտահոգություններն ու լուծումներն անտեսվել են: Սակայն հիմա էլ Բաբայանը մատնանշում է այդ լուծումները եւ ընդգծում, որ պետք է փոխվի ռազմավարությունը, քանի որ մենք արկեր ու հրթիռներ արտադրելու ծրագիր իրականացնող Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը զսպել կարող ենք ամուր պաշտպանական համակարգ ներդնելով, այլ ոչ թե 200 միլիոն դոլարի ոչ այնքան արդյունավետ զենքեր գնելով։

«Մենք օդը փակելու խնդիր ունենք, որպեսզի պաշտպանենք մեր զինվորին»,-նշում է գեներալը եւ առաջարկում պաշտպանվել ռազմական «զոնտիկի» միջոցով, քանի որ առաջնայինը հենց երկնքից թափվող արկերի ու հրթիռների չեզոքացումն է:

Նախ պետք է մտածել մեր զինվորների անվտագության մասին, որը, փաստորեն, անպաշտպան է օդից թափվող կրակի դեմ: Բացի այդ, պետք է թիկունքը համալրելու փոխարեն առաջ բերել զինվորներին եւ փոխել մեր դիրքերի խտությունը, ինչը թշնամուն թույլ չի տա անարգել թափանցել թիկունք եւ ավերներ գործել:

Ըստ Բաբայանի՝ մարդկային ուժի խնդիր չկա, եթե ճիշտ տեղաբաշխում լինի: Թե չէ, ասել՝ «մեր զինվորի ոգին բարձր է», ու հույսը դնել այդ ոգու վրա, մանկամտություն է: Կամ՝ գեներալի հագուստով կոլխոզի նախագահի մակարդակի հայտարարություններ անել ու ասել, թե «հեսա Բաքվում թեյ ենք խմելու» (դրանով թշնամուն ծիծաղեցնել մեզ վրա), եւս անլուրջ մոտեցում է: Երբ, մանավանդ, նույն այդ թշնամին Նախիջեւանից կարող է արդեն կրակել ոչ թե Ստեփանակերտի, այլ Երեւանի վրա: Ինչից հետո կարող է կրկնվել պատմական դառը ճակատագիրը, երբ Թիֆլիսից էին ղեկավարում Հայաստանը:

Սամվել Բաբայանի մեկ այլ դիտարկումն էլ տեղին ու ճշմարիտ է. հարցի լուծումը դիվանագիտական ճանապարհով կարող է արդյունավետ լինել, երբ հայկական կողմը կկարողանա վստահելի պաշտպանություն իրականացնել, ինչն իր մաշկի վրա կզգա հակառակորդը: Եթե որդեգրենք ու մշակենք նոր ռազմավարություն, ապա հայոց բանակի խնդիրը պետք է լինի ոչ թե բլուրներ, այլ տարածքներ գրավելը՝ այդպիսով թշնամուն թողնելով բլրի գլխին՝ աքցանի մեջ:

Ըստ գեներալի՝ Հայաստանը սեփական բախչա չէ, որ ինչպես ուզենան, այնպես վարվեն երկրի ու նրա պաշտպանության, անվտանգության հետ: Պատասխանատվության աստիճանը պետք է բարձր լինի, որ հետո պատասխան տալու ժամը չգա: Հետեւաբար, պետք է արագ մշակել նոր ռազմավարություն եւ գործել ըստ դրա:

Նախ պետք է ախտորոշում իրականացնել, հետո նոր միայն սկսել «բուժել հիվանդին»: Բաբայանն ախտորոշումն էլ տվեց, բուժումն էլ նշանակեց։ Մնացածը մենք պետք է որոշենք։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը