Հարցազրույց

18.10.2010 13:32


Արամ Սարգսյան.

Արամ Սարգսյան.

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ

-ՀԱԿ-ը և մասնավորապես Տեր-Պետրոսյանն անընդհատ շեշտում են, թե անհրաժեշտ է շուտափույթ լուծել Ղարաբաղի հարցը։ Համամի՞տ եք այն տեսակետին, որ պետք է զիջումների տարբերակով հասնել լուծման։

-Շուտափույթ լուծում՝ չի նշանակում Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Բացարձա՛կ։ Շուտափույթ լուծում՝ նշանակում է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից դուրս գալ։ Եթե իշխանությունը փորձի նման բան անել, Կոնգրեսը միանշանակ փողոց դուրս կգա, ու այդ ժամանակ է, որ իշխանափոխությունը 100%-ով ապահովված կլինի։

-Ղարաբաղյան հակամարտությունը փոխզիջումային տարբերակո՞վ պետք է լուծվի։

-2000թ. քիվեստյան հանդիպումներից սկսած՝ ես համոզված եմ (նաև այն ժամանակ վարչապետի պաշտոնում եղած հնարավորությունները օգտագործելով) և վստահաբար ասում եմ, որ այս իշխանությունները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, հիմա էլ, դժբախտաբար, Սերժ Սարգսյանը, իրենց պաշտոնավարությունը գերագնահատում են Ղարաբաղի շահերից և բանակցային ամբողջ գործընթացը ծառայեցնում են իրենց սեփական պաշտոնն ու աթոռը պահելու համար։ Իրենց պարագայում, վստահ եմ, որ Ղարաբաղի հարցի լուծումը լինելու է զիջում, ոչ թե փոխզիջում։ Եվ դրա համար բազմաթիվ հանրահավաքներում, ելույթներում և հոդվածներում ես իրենց սկզբից խորհուրդ եմ տվել, հետո հորդորել եմ, հետո պահանջել, որ թեկուզ հանուն Ղարաբաղի՝ հրաժարական տան ու հեռանան, և  ձևավորվի ժողովրդի կամքն արտահայտող, ժողովրդի ձայնով ամուր թիկունք ունեցող իշխանություն, որն էլ կկարողանա բանակցություններում հանդես գալ որպես արժանապատիվ կողմ, որպես ժողովրդի շահը ներկայացնող ուժ ու կաշկանդված չի լինի իր ոչ լեգիտիմությամբ և չի գնա զիջումների։

-Ասում եք՝ Ղարաբաղի հարցը պետք է փոխզիջումների գնով լինի, այլ ոչ թե զիջումների...

-Ես նման բան երբեք չեմ ասել։ Դուք եք ասում։ Ես ասում եմ, որ ցանկացած բանակցության ժամանակ, եթե գնում ես բանակցությունների, պետք է պատրաստ լինես փոխզիջումների։ Այդ ուրիշ խնդիր է, թե դուք՝ մասնավորապես շատ լրատվական միջոցներ, այդ թվում նաև Սերժ Սարգսյանը, այդ թվում նաև առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանը, փոխզիջում ասելով՝ ինչ են հասկացել։ Ես փոխզիջում ասելով ինչ-որ հասկացել եմ, ասել եմ թե՛ մեր համագումարներում, թե՛ բազմաթիվ հանրահավաքներում և լրացնելու բան չունեմ։ Անիմաստ է գնալ բանակցության՝ պատրաստ չլինելով փոխզիջման։ Կապիտուլյացիա չի լինելու, երբ ամբողջ աշխարհը փորձում  է այս խնդիրը լուծել, և մեր բախտն էլ բերել է դրանով, որ ուզում են լուծել այս խնդիրը, որ այս տարածաշրջանում չլինի պարտված կողմ։ Հակառակ դեպքում այս իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով մենք վաղուց կորցրել էինք այն, ինչ կա։ Իսկ որ այսօր ու նախկինում, նաև՝ սկսած Վարդան Օսկանյանից, Ռոբերտ Քոչարյանի ժամանակով սկսեցին խոսել օկուպացիայից, ինչ-որ մեկն էլ բացատրում էր օկուպացիան զուգարանի դուռը փակ լինելով, այ, այդ փոխզիջում հարցը իրենց տվեք։ Ինձ մի՛ տվեք։ Ես հստակ հետևում եմ ձեր լրատվական դաշտի, մասնավորապես ձեր մամուլի ամենօրյա ընթացքին, և տեսնում եմ այն ուղղությունը, ինչ-որ կա, հասկանում եմ թե՛ հարցի տեքստը, թե՛ ենթատեքստը, համարում եմ, որ այդ հարցն ինձ ճիշտ չեք տալիս, և այն, ինչ որ ներկայցնում եք, դա ձեր իրավունքն է՝ ձեր շահն եք ներկայացնում։ Կարող եք ներկայացնել ցանկացած ուղղությամբ, բայց ես փոխզիջում բառը երբեք չեմ օգտագործել այն ենթատեքստում, ինչը դուք եք ներկայացնում։

-Իսկ ո՞ր ենթատեքստով եք ասել փոխզիջում բառը։

-Ես միշտ հստակ ասել եմ, որ  խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով, որ եթե գնում ես բանակցությունների Ադրբեջանի հետ, որը հարևան երկրի է, պետք է պատրաստ լինես նաև փոխզիջումների և փոխզիջումների միջոցով հասնելու այնպիսի խաղաղության, որը իր մեջ առաջիկայում պատերազմ չի ապահովում։ Ես  նաև ասել եմ, որ այդ փոխզիջումներն ու այդ կարգով բանակցությունների գնալը, այսօրվա պայմաններով՝ այսօրվա Հայաստանում և այսօրվա Ադրբեջանում, անհնարին է, որ նման լուծում կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ մենք կունենանք ժողովրդավարական Հայաստան և ժողովրդավարական Ադրբեջան, որ միայն ժողովրդավար Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն են, որ իրենց ժողովրդի կարծիքը ներկայացնելով՝ կարող են ցավոտ փոխզիջումների գալ, բայց որը հասարակությունը կընդունի, և պատերազմի չի բերի։ Այսօրվանը չի կարող։ Ես  նաև օրինակ եմ բերել, որ այսօրվա մեր վեճը նման է երկու մարդու կռվի, որոնցից մեկը հարբած է, իսկ մյուսը՝ սթափ։ Այդ դեպքում դուք ո՞ւմ եք  օգնելու։ Իհարկե, սթափին։ Ես ուզում եմ, որ Հայաստանը լինի այդ սթափը։ Հակառակ դեպքում այսօր ամբողջ աշխարհի համար տպավորություն է, թե կռվում են երկու հարբած մարդ, և դրան խառնվելու և օգնելու ցանկություն որևէ մեկը չունի։ Այստեղ է վտանգը։ Ես միշտ ասել եմ, որ բանակցությունների գնալ պետք է։ Եթե պատերազմ եղավ, մեղավորն այս իշխանություններն են։ Եթե իրենց իշխանությունը պահելու համար զիջումների գնացին, էլի մեղավորը այս իշխանություններն են։ Այնպես որ, սկսել են խաղը, սկսել են գործարքը, թող անեն, տեսնենք ուր կհասնեն։ Բայց եթե այն, ինչ իրենք խոստացել են, դրա մասին նույնիսկ հոդված եմ գրել, եթե դա էլ չանեն, իրենք միանշանակ կհեռանան ու կհեռանան խայտառակ։ Իսկ իրենք խոստացել են Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, ցամաքային սահման Հայաստանի հետ և Ղարաբաղի ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովում։ Այդ ուղղությամբ թող բանակցեն, թող բերեն այդպիսի թուղթ։ Եթե դրանից էլ պակաս թուղթ բերեցին, այդ արդեն փոխզիջում չէ, զիջում է։

-Երբ 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր հակամարտության կարգավորման փուլային լուծում, այնտեղ չկար կարգավիճակի հարցի  խնդիրը։ Այսօր արդեն կարգավիճակից է խոսվում։ Այդ մասին ի՞նչ կասեք։

-Բացարձակ, նման դիրքրոշում չի կարող լինել։ Ես խորապես համոզված եմ ու ասում եմ, որ ես ինձ հասու բոլոր ճանապարհներով, իմ կարծիքով, խորությամբ գիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակը, որը վստահաբար ձեզ ասում եմ՝ շատ ավելի լավ տարբերակ է բանակցային գործընթացի համար։ Լավ ասելով՝ ավելի հայանպաստ է, քան այսօրվա մադրիդյան սկզբունքներով։ Մենք հստակ ետընթաց ենք ապրում։ Հետընթացի մասով Լևոն Տեր-Պետրոսյանը անցած տարվա հանրահավաքներից մեկում մանրամասն, բառ առ բառ ներկայացրեց։ Խորհուրդ կտայի՝ նայեիք։ Յուրաքանչյուր փաստաթղթում կարևոր են ձևակերպումները։ Այս փաստաթղթում ձևակերպումները չափից ավել լղոզված են, ինչն էլ կասկածի, հետագա վտանգի, հետագա նոր պատերազմի տեղիք է տալիս։ Քվեարկություն կամ հանրաքվե։ Նույնիսկ հանրաքվե բառը չկա։ Կամարտահայտություն բառ էր գրված, դրանից էլ են վախեցել։ Հետևաբար այդ ամեն ինչը մանիպուլյացիա է, ձև։

-ՀԱԿ նախորդ հանարահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը  նշել էր,  թե նախ պետք է լուծել Ղարաբաղի հարցը, այնուհետև ներքին խնդիրները, իսկ Դուք  ճիշտ հակառակ տրամաբանությամբ ելույթ ունեցաք՝ նշելով, թե նախ և առաջ պետք է ժողովրդավարություն հաստատենք, այնուհետև ղարաբաղյան հակամարտությունը կարգավորենք։ Ինչպե՞ս կբացատրեք կարծիքների այս հակադրությունը։

-Ես միշտ այն տեսակետին եմ եղել, որ Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման և մեզ համար բարենպաստ, արդար լուծման միակ տարբերակը նախ մեր երկրում ժողովրդավարություն հաստատելն է։ Ես այդ տեսակետին եմ, ես պատրաստ եմ այդ տեսակետի շուրջ վիճել թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե՛ ձեզ հետ, թե՛ իշխանության մեջ գտնված ցանկացած մարդու հետ։

-Իսկ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ հարցի շուրջ քննարկում եղե՞լ է։

-Բազմաթիվ անգամներ։ Կոնգրեսում եղած քաղաքական անհատներն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ չէ, որ նույն կարծիքն ունեն, և դա պարտադիր էլ չէ։ Մեզնից յուրաքանչյուրն իր ուրույն ճանապարհն է անցել, և այդ ճանապարհի ընթացքում կան համոզմունքներ, որոնք ձևավորվել են այդ գործընթացների ընթացքում, և դրանում ոչ մի դժբախտություն չկա։ Ընդհակառակը, դա բանավեճն ավելի խորացնելու, թերությունները վեր հանելու ավելի լուրջ ու խոր հնարավորություն է ստեղծում։

- Պարո՛ն Սարգսյան, երբ 1997թ. Ղարաբաղի հարցի հետ կապված համընդհանուր ըմբոստության հետևանքով Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց,  դա պահանջողներից մեկը նաև սպարապետ Վազգեն Սարգսյանն էր։ Իսկ հիմա Դուք նշեցիք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը վստահաբար շատ ավելի լավ ու հայանպաստ  է բանակցային գործընթացի համար։ Ի՞նչ կասեք սրա մասին։

-Ես շատ կուզենայի, որ այն հարցը, որը Վազգենին էր վերաբերում, կարողնայիք տալ իրեն։ Բայց եթե Վազգենին վերաբերող հարցերը տալիս եք ինձ, նաև այստեղ պիտի որոշ բաներ, որ Վազգենից թողնվել է, այդ էլ վերագրել ինձ։ Փորձեմ Վազգենի փոխարեն պատասխանել։ Վազգենն ինքը պատասխանել է ձեր այդ հարցին Հանրապետական կուսակցության, եթե չեմ սխալվում, 8-րդ կամ 9-րդ համագումարի ժամանակ, որտեղ ասել է, թե մենք դեռ պետք է կարողանանք ապացուցել, որ ճիշտը մենք էինք, ոչ թե Լևոն Տեր-Պետորսյանը։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը