Լրահոս

07.12.2009 15:52


Սերժ Սարգսյանն այցելել է Գյումրի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի' հարգանքի տուրք մատուցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է  դրել  «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան  կարգին:

Հանրապետության Նախագահն այնուհետեւ այցելել է Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան: Սերժ Սարգսյանը ծանոթացել է  գործարանի շինարարական աշխատանքի ընթացքին եւ  շաքարի ճակնդեղի մշակության նախապատրաստական  միջոցառումներին: 

Շաքարի գործարանի շինարարությունը  սկսվել է 2006թ.  ամռանը, մինչ օրս կատարվել է շուրջ  92 մլն  ԱՄՆ դոլարի ներդրում: Շինարարական աշխատանքը  ծրագրվում է ավարտել  մինչեւ 2010թ. ապրիլ, իսկ շաքարավազի թողարկումը' սկսել մայիսի կեսին:  Ձեռնարկության աշխատանքի տեխնոլոգիան շուրջօրյա է եւ նախատեսված  է վերամշակել ինչպես ներկրվող կիսաֆաբրիկատ հումքն, այնպես էլ տեղում աճեցված ճակնդեղը:  

Հանրապետությունում շաքարի արտադրությունը վերականգնելու եւ շաքարի ճակնդեղ մշակելու գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունը 2008թ. հունիսին  հաստատել է □ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը□:  Գյուղատնտեսության նախարարությունը  Շիրակի եւ Լոռու մարզպետարանների  հետ միասին աշխատանք է իրականացնում 2010թ. այս մարզերում  շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ:    

Նախագահ Սարգսյանը եղել է նաեւ Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում եւ մասնակցել Անիի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի թվով 21 համայնքների գազիֆիկացման ծրագրի ավարտի ու գազամատակարարման մեկնարկի արարողությանը, որը ազդարարվել է գազի խորհրդանշական այրումով: Այս տարածքների գազիֆիկացումը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից է եւ իրականացվել է □Գյուղական տարածքների տնտեսական զարգացման□ ծրագրի կողմից:

Ծրագրով Շիրակի մարզում 2009թ. վերականգնվել կամ կառուցվել են մարզի 25 համայնքների բնական գազի մատակարարման համակարգերը: 25 համայնքներից 21-ում շինարարական աշխատանքն արդեն ավարտվել է, իսկ 4 -ում' կավարտվեն մինչեւ տարեվերջ: Իրականացված աշխատանքի շնորհիվ  գազիֆիկացված 25 համայնքների շահառուների թիվը կկազմի ավելի քան 21 հազար մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը