Հարցազրույց

26.05.2016 15:56


Գ. Նազարյան. «Ապրիլից հետո շատ բան է փոխվել»

Գ. Նազարյան. «Ապրիլից հետո շատ բան է փոխվել»

Հարցազրույց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, քաղաքացետ Գեղամ Նազարյանի հետ.

-Հունիսին նախատեսվում է «Համախմբում» կուսակցության համագումարը: Ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները:

-Ակտիվ, աշխատանքային: Անընդհատ հանդիպումներ, քննարկումներ, տարածքային կառույցների ձևավորում, աշխատանք փաստաթղթերի հետ եւ այլն: Խնդիրներ, խոչընդոտներ չկան: Կա սահուն ընթացք, սպասվածից ավելի հետաքրքիր նախնական արդյունքներ: Մի խոսքով` նախահամագումարյան մթնոլորտ:

-Թեեւ վաղ է այդ մասին խոսելը, բայց այլ քաղաքական ուժերի հետ ի՞նչ որակի հարաբերություններ եք տեսնում:

-Հարցի պատասխանը տալիս է այն իրականությունը, որում գտնվում ենք: Հայաստանը, մեծ հաշվով, ապրում է կիսապատերազմական վիճակում, մեր դիմաց կանգնած է, բառիս բուն իմաստով, ֆաշիստական Ադրբեջան: Հիմա ամենամեծ դավաճանությունն իրավիճակի պատմական լրջությունը չգիտակցելն է: Հատուկ ուզում եմ շեշտել՝ Հայաստանում մենք թշնամիներ չունենք` ո՛չ քաղաքական, ո՛չ անհատական մակարդակում: Մենք ոչ մեկին դավաճան, թաթար, մոնղոլ չենք համարում: Մենք բոլորս նույն նավում ենք ու միասին պետք է լուծումներ գտնենք: Եւ նրանք, ովքեր այդպես են մտածում, դառնում են օբյեկտիվ դաշնակիցներ: Նրանք, ովքեր ապրիլից հետո հասկացել են խոր, տեսանելի եւ անդառնալի փոփոխությունների կենսական անհրաժեշտությունը, մեր օբյեկտիվ դաշնակիցներ են: Հայաստանում շատ բան պետք է փոխվի, իսկ ժամանակը շատ չէ:

-Մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Համախմբումը» իր կառույցները ձեւավորում է նաեւ ԲՀԿ-ի հաշվին:

-Վաղն էլ ուրիշ բան կարող են գրել: Խնդիրը կեղծիք գրելը չէ, նույնիսկ այն չէ, թե ում է դա ձեռնտու: ԲՀԿ-ի հետ չկա որեւէ հարց, որեւէ խոչընդոտ` ծագող հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար: Բայց մեր ցանկությունն է եւ պատրաստակամությունը` ԲՀԿ-ի եւ այլ ուժերի հետ ոչ թե կեղծիքները հերքել, այլ զբաղվել լուրջ գործով` իսկապես խելք խելքի տալ, մեր երկրի համար ծրագրեր մշակել, երկրում փոփոխություններ իրականացնել, մարդկանց մոտ հայրենիքում ապրելու հույսը արթնացնել: Էլի եմ ասում՝ ապրիլից հետո շատ բան է փոխվել: Մենք ունենք մի հայրենիք ու միասին պետք է աշխատենք այն հզորացնելու ու ուժեղացնելու համար: Կարծում եմ` մեր այս ցանկությունը քաղաքական այլ ուժերի հետ փոխադարձ է:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը