Տնտեսական

24.05.2016 18:20


ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերության փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերության փոփոխությունների վերաբերյալ

Ինչպես բոլոր եվրոպարտատոմսերի, այնպես էլ ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությանը բնորոշ է որոշակի տատանողականություն, որն արդյունք է ներդրողների կողմից ռիսկի գործոնների նկատմամբ դրսևորած արձագանքի: ՀՀ եվրոպարտատոմսն ունի նաև առօրյա բնականոն տատանումներ, որոնք գործնականում չափվում են ստանդարտ շեղման ցուցանիշի միջոցով: Վերջինս իրենից ներկայացնում է միջինի նկատմամբ միջին օրական փոփոխության բացարձակ մեծությունը և 4 տարի ժամկետայնության ՀՀ եվրոպարտատոմսի օրական շարքերի համար կազմում է 65 բազիսային կետ:

2016 թվականի ապրիլի 2-5-ը արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աննախադեպ աճի հետևանքով ՀՀ 4 տարի ժամկետայնությամբ եվրոպարտատոմսի եկամտաբերությունն աճել է 23 բազիսային կետով, որը, կարծում ենք, համահունչ է ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության առօրյա բնականոն փոփոխություններին: Կից ներկայացվող գծապատկերը հաստատում է, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության փոփոխությունը նշանակալիորեն չի տարբերվում ընթացիկ տատանողականությունից:

Կարևոր է նշել, որ նախկինում սահմանային լարվածության միջադեպերը ՀՀ եվրոպարտատոմսի վրա ունեցել են առավել նշանակալի ազդեցություն, մասնավորապես.

  • 2014 թվականի օգոստոսի 1-5-ին հայ ադրբեջանական սահմանին լարվածության աճին ՀՀ եվրոպարտատոմսն արձագանքել է 74 բազիսային կետով,
  • 2014 թվականի նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով լարվածության աճին՝ 33 բազիսային կետով,
  • 2015 թվականի օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը Արցախն ուժով հետ վերադարձնելու վերաբերյալ՝ 41 բազիսային կետով,
  • 2015 թվականի սեպտեմբերի վերջին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին՝ 43 բազիսային կետով:

Ինչպես տեսնում ենք, սկզբնական շրջանում ՀՀ եվրոպարտատոմսի արձագանքը սահմանային լարվածության միջադեպերին եղել է ավելի կտրուկ, սակայն ժամանակի ընթացքում ներդրողների կողմից տարածաշրջանային իրադարձությունների և ռիսկերի առավել մանրամասն ուսումնասիրության արդյունքում շուկայի արձագանքը նմանատիպ իրադարձություններին դարձել է առավել հավասարակշռված:

shh

ՀՀ ԿԲ

Այս խորագրի վերջին նյութերը