Լրահոս

07.12.2009 14:17


Ադրբեջանի փոխարտգործնախարար. «Առաջին հերթին անհրաժեշտ է ազատել տարածքները»

Ադրբեջանի փոխարտգործնախարար. «Առաջին հերթին անհրաժեշտ է ազատել տարածքները»

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն այսօր լրագրողներին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկներն արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների շղթայում ևս մի քայլ կդառնան։ Նա նաև հավելել է.

«Հակամարտության կարգավորման հերթականություն կա։ Առաջին հերթին անհրաժեշտ է ազատել տարածքները, ինչից հետո բնակչությունը կվերադառնա իրենց տները։ Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի Հայաստան-Ադրբեջան համագործակցությունը։ Եթե համագործակցություն չլինի, խաղաղությունն անհնար է, իսկ առանց խաղաղության խոսք անգամ լինել չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման վերաբերյալ։ Սրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, թե այժմ ինչ են քննարկում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այսինքն՝ նրանք վերոնշյալ սկզբունքների կիրառման հնարավորությունն են մշակում»։

Փոխարտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ միջազգային հանրությունը, կազմակերպությունները, շահագրգիռ երկրները պետք է միասնական մոդել պատրաստեն, որի հիման վրա կարող է մշակվել Ադրբեջանի կազմում ԼՂ-ի ինքնակառավարման կարգավիճակը։

«Հայաստանից բացի աշխարհի որևէ երկիր չի ցանկանում Ադրբեջանից ԼՂ-ի անջատումը։ Այդ իսկ պատճառով հիմնական խնդիրն Ադրբեջանի կազմում ԼՂ-ի ինքնակառավարման մոդելի՝ միջազգային հանրության պատկերացրած տարբերակին պաշտոնական Երևանը մոտեցնելն է»,- նշել է Ա. Ազիմովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը