Տնտեսական

23.05.2016 13:46


Խորհուրդներ խաղողագործներին

Խորհուրդներ խաղողագործներին

Վերջին օրերին շարունակաբար դիտվող տեղումների և օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի սնկային հիվանդությունների զարգացման ու տարածման համար: Ժամանակին և արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում ոչ միայն կորստի կմատնվի տվյալ տարվա բերքը, այլև վազերը կկորցնեն իրենց կենսունակությունը և կվտանգվի հետագա տարիներին բարձր բերքի ստացումը:

Այգում ժամանակին պետք է կատարել վազերի շվատում, բճատում, կանաչ կապ` կանխելով սաղարթի խտացումը, որի դեպքում ձևավորվում է միկրոկլիմա, նպաստավոր պայմաններ են ստեղծվում սնկերի զարգացման համար և նվազում է սրսկումների արդյունավետությունը:

Նշված հիվանդությունների դեմ պետք է կազմակերպել նախազգուշական` կանխարգելիչ միջոցառումներ: Չպետք է սպասել, որ ի հայտ գան հիվանդության ախտանիշները, և դրանից հետո միայն կատարել բուժումները:

Վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ է խաղողի այգիներում իրականացնել քիմիական պայքար միլդիու և օիդիում սնկային հիվանդությունների դեմ: Նկատի ունենալով, որ արդեն ձվերից դուրս են գալիս խաղողի ողկուզակերի առաջին սերնդի թրթուրները, խորհուրդ է տրվում կազմակերպել համակցված (կոմբինացված) պայքար սնկասպան պրեպարատները համատեղելով միջատասպան որևէ պատրաստուկի հետ, այսպիսով` մեկ բուժման միջոցով պայքարելով միլդիու, օիդիում հիվանդությունների և խաղողի ողկուզակերի դեմ:
Այս միջոցառումները պետք է կատարել մինչև ծաղկումը: Սակայն, եթե այս կամ այն պատճառով ցածր է եղել բուժման արդյունավետությունը և այգում առկա է հիվանդությունների կամ վնասատուների զարգացման ու տարածման լուրջ վտանգ, ապա անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել նաև ծաղկման փուլում:
Վազերի ծաղկումն ավարտվելուց հետո պետք է նշված բուժումները կրկնել` փոխելով թունաքիմիկատների տեսակային կազմը:
Առավել մանրամասն տեղեկություններ ու անհրաժեշտ խորհրդատվություն կարելի է ստանալ գյուղատնտեսական աջակցության տեղի մարզային կենտրոնների մասնագետներից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը