Հարցազրույց

20.05.2016 13:00


Մեկնաբանություն նորաստեղծ «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան ՀԿ-ի փաստի վերաբերյալ

Մեկնաբանություն նորաստեղծ «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան ՀԿ-ի փաստի վերաբերյալ

Վերջին շրջանում հայկական մամուլը հաճախակի անդրադառնում է Արթուր Բաղդասարյանի կողմից Ռուսաստանում ստեղծված հասարակական կազմակերպությանն ու այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միության հնարավոր դիրքոորշման մեկնաբանություններին: Այդ առնչությամբ «Ազգի» զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

-Պարո՛ն Աղայան, Արթուր Բաղդասարյանը վերջերս Ռուսաստանում ստեղծեց «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը: Մոսկվայում կենտրոնում էլ հանդիսավոր պայմաններում բացվեց այդ կազմակերպության գրասենյակը: Ինչպե՞ս է այս հանգամանքը դիտարկվում «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և կառույցի մյուս ղեկավարների կողմից:

-Ասեմ, որ ինչպես Արա Աբրահամյանը, այնպես էլ մենք բոլորս, այդ իրողությունը նորմալ ենք ընդունել: Ռուսաստանը անծայրածիր տարածք ունեցող երկիր է, իսկ այդ երկրում հայկական համայնքը աշխարհում խոշորագույնն է: Ուստի խնդիրները Ռուսաստանում բազմաթիվ ու բազմապիսի են, որոնցով կարող են զբաղվել ոչ թե երկու, այլ տասնյակ կազմակերպություններ: Այնպես որ, ստեղծված նոր կազմակերպության համար ևս կա գործունեության լայն ասպարեզ: Ուրախ կլինենք, որ այդ նոր կազմակերպությունը լծվի այդ խնդիրների լուծման գործընթացին: Խնդիրներից են հատկապես Ռուսաստանի հայության աշխատանքային, իրավական, կրթամշակութային շահերի պաշտպանության, նաև հայապահպանության հարցերը: Դեռևս շատ անելիքներ կան ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի խորացման, Հայաստանում ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի, ռուս ժողովրդի վարկի հետագա բարձրացման ոլորտում: Ցանկության դեպքում այդ նոր կազմակերպությունը կարող է իրեն գտնել այդ բազմաբնույթ հարցերի լուծման գործընթացներում:

-Պարո՛ն Աղայան, շահարկվում է մի հարց, թե այդ կազմակերպության գործունեությունը կարող է ստվերել Ռուսաստանի հայերի միության հեղինակությունը:

-Բոլորովին համամիտ չեմ. դա անհնար է: Լավ ճանաչելով մեր կազմակերպության կարողությունները` այդ ուղղությամբ ընդհանրապես չենք էլ մտածում: Նախ ասեմ, որ Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանում և ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում, ինչու չէ նաև միջազգային լայն ճանաչում ունեցող և բարձր հեղինակությամբ օժտված կազմակերպություն է: Իր կազմակերպական կառուցվածով ՌՀՄ-ն նոր տիպի վերհամայնքային կազմակերպություն է, որն իր 15-ամյա գործունեության ընթացքում դարձել է հետևողականության, ավանդապահության և նորօրյա բացահայտումների միաձուլման ակնառու օրինակ: Երկրորդ` երկու կազմակերպությունների գործունեության դաշտում գոյություն ունեցող խնդիրների բազմազանությունն առիթ անգամ չի տալիս մտածելու ավելորդ մրցակցության, ուստի նաև մեկը մյուսին ստվերելու մասին: Այստեղ մնում է միայն աշխատել ու աշխատել:

Կցանկանայի նշել նաև, որ ՌՀՄ գոյության տարիների ընթացքում Ռուսաստանում ստեղծվել են հայկական համայնքով զբաղվելու առաքելությամբ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Դրանց մի մասը ընդհանրապես չի էլ գործել: Մյուսների դեպքում էլ գործունեությունը, եթե այդպիսին տեղի ունի, նկատելի չի եղել: Իհարկե, ամենայն անկեղծությամբ մենք չենք ցանկանում, որ «Հայկական վերածնունդ» նոր կազմակերպությունն ունենա նման ճակատագիր: Ուստի և՛ Արա Աբրահամյանը, և՛ մենք բոլորս, այդ կազմակերպությունում աշխատողներս, բարի երթ ենք ցանկանում նորաստեղծ կառույցին` իր առջև դրված կանոնադրական նպատակների ու խնդիրների բարեհաջող իրագործման հարցում:

-Այս կապակցությամբ ևս մեկ հարց է շրջանառվում, որն առնչվում է Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան քաղաքական համատեղ հնարավոր գործունեությանը Հայաստանում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները:

-Միանշանակորեն կարող եմ ասել, որ Արա Աբրահամյանը և Արթուր Բաղդասարյանն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում միասնական գործելու նպատակ չեն հետապնդում: Այդ մասին բազմիցս հայտարարել են ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը և նրա տեղակալները: Ասեմ ավելին, եթե հիշողությունս չի դավաճանում, ապա մեկուկես-երկու ամիս առաջ Արթուր Բաղդասարյանը «Հ3» հեռուստաալիքով հարցազրույցի ժամանակ արձագանքեց նաև այդ հարցին, մասնավորապես նշելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը և Արա Աբրահամյանը ոչ մի նպատակ չունեն քաղաքական դաշտում միասին գործելու:

Ես այս ամենից հետո ավելացնելու ոչինչ չունեմ: Միայն մնում է հուսալ, որ մեր լրատվական միջոցների ներկայացուցիչները համոզվեն դրանում և այլևս նման հարցադրում չանեն: Հակառակ դեպքում ձանձրույթ կպատճառեն թե՛ հարցին պատասխանողներին, թե՛ այդ մասին ընթերցողներին ու լսողներին:

-Այդ դեպքում ինչպիսի՞ն են Աբրահամյան-Բաղդասարյան քավոր-սանիկ հարաբերությունները, եթե չեն արտահայտվում քաղաքականության մեջ:

-Այդ հարցն այսօր ևս շատ է շահարկվում: Եվ ես ինձ թույլ կտամ ասել, որ հարցադրումը կոռեկտ չէ, քանի որ քավոր-սանիկ հարաբերությունները ընտանեկան հարթության վրա են ձևավորվում և վերաբերվում են զուտ այդ երկու ընտանիքներին: Եվ այդ հարաբերությունները, կարծում եմ, ոչ մի կապ չունեն հասարակական կամ քաղաքական հարաբերությունների հետ: Ուստի, առաջարկում եմ այդ հարցով հետաքրքրվողներին զերծ մնալ քավոր-սանիկ հարաբերությունները քաղաքականացնելուց:

Այս խորագրի վերջին նյութերը