Հարցազրույց

18.05.2016 20:05


Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյանը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգության գերագույն գլխավոր սպառնալիքն է»

Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյանը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգության գերագույն գլխավոր սպառնալիքն է»

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը մայիսի 10-ին հայտարարել էր «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին: Այդ շրջանակներում այսօր «Հեռանկար» կենտրոնում տեղի է ունեցել սեմինար-քննարկում «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը մասնակցել է նաև քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, ում հետ զրուցել ենք չորսօրյա պատերազմի ու ներքաղաքական խնդիրների շուրջ։

–Պարո՛ն Անտինյան, ինչպե՞ս կգնահատեք քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը մեր երկրում։

-Նախ նշեմ, որ մինչ քառօրյա պատերազմը վերջին ժամանակներում տասնյակ հրապարակային ելույթներ եմ ունեցել, որոնցում հիմնավորել եմ, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու ու փորձելու է Ղարաբաղի հարցը իր օգտին կարգավորել՝ պատերազմով, ու հետագայում էլ նոր պատերազմի սպառնալիքով: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին փոխվել են ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը՝ ի վնաս մեզ, բացի այդ մեր արտաքին քաղաքական ձախողումների պատճառով Ադրբեջանի դիրքերը դարձել են ավելի շահեկան: Ու եթե մեր իշխանության մեջ կան մարդիկ, որոնց համար այս պատերազմն անսպասելի էր, նման պրոֆեսիոնալ անպիտաններին պետք է ուղղակի մոտ չթողնել պետական կառավարմանը: Պատերազմի ու հետպատերազմական օրերին, բնական է, ճիշտ չեմ համարել իշխանությունների հասցեին քննադատական խոսքով հանդես գալ, որը մի տեսակ չարախնդալու տպավորություն կարող էր թողնել, ինչը հեռու է իմ էությունից ու միանգամայն մերժելի, առաջնագծի մոտ էլ հարմար դիրքեր ընտրել՝ նկարվելու համար, նման գավառամիտ ճարպկությանը չեմ տիրապետում: Բայց Վիեննայի հանդիպումից հետո եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը, ու ես հստակ հայտարարում եմ, որ իրավիճակին ոչ ադեկվատ Սերժ Սարգսյանը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգության գերագույն գլխավոր սպառնալիքն է դարձել ու պետք է ամեն ինչ անել՝ օր առաջ նրանից ազատվելու համար:

-Բայց տեսակետ կա, որ՝ «ձիերին գետանցումում չեն փոխում»:

-Այո՛, ձիերին, ոչ թե ապաշնորհ հեծյալներին: Ի դեպ. Սերժ Սարգսյանը հենց «ձիերին» էլ փոխեց:

-Չե՞ք կարծում, որ նման զարգացումների դեպքում Ադրբեջանը կարող է օգտվել մեր մոտի խառնաշփոթից ու հարձակման անցնել:

-Ո՛չ, ամենևին: Ադրբեջանը տեսավ, որ քառօրյա պատերազմի ժամանակ բանակն ու ժողովուրդը միասնաբար պայքարեցին ու ուժերի ներածին չափով պաշտպանեցին մեր հողը, որքան էլ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը իրավիճակին ոչ համարժեք քայլեր ու հայտարարություններ արեց: Ավելի պարզ ասած. որքան էլ Սերժ Սարգսյանը խանգարեց, միևնույնն է՝ այդքանից ավել վնաս չկարողացավ մեզ հասցնել: Այնպես որ մեր մոտ ոչ միայն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության, այլև արտահերթ զարգացումների ժամանակ Ադրբեջանը ոչ մի ակտիվություն չի ցուցաբերի, որպեսզի պատերազմի արդյունքում դարձյալ մեզանում համախմբում տեղի չունենա ու ընտրություններում չհաղթեն հայաստանակենտրոն և փոփոխությունների ձգտող ուժերը, ինչը կարող է Ադրբեջանի համար լինել անկանխատեսելի ու դրանով իսկ խիստ անցանկալի: Այնպես որ Ադրբեջանն ակտիվ ու ագրեսիվ է միմիայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պարագայում:

-Դուք այժմ այդպիսի ընդդիմադիր ուժեր տեսնո՞ւմ եք, որ կարող են Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրել:

-Որքան էլ Սարգսյանը հետևողականորեն փորձեց քայքայել ընդդիմադիր դաշտը ու առանձին-առանձին «էժանով» գնեց շատերին, այնուամենայնիվ, դրանից նրա «աթոռը» չամրացավ, քանի որ Ղարաբաղի հարցում պարտվողական քաղաքականության պարագայում կարող են իշխանության ներսում և իշխանությունից դուրս ձևավորվել «հայտնի» ուժեր, որոնք հասարակական աջակցության պարագայում կհասնեն Սարգսյանի հրաժարականին։ Ուստի պետք է նախապատրաստվել 2017 թվականի ընտրություններին, զուհահեռաբար պատրաստվելով նաև արտահերթ զարգացումների:

Սերժ Սարգսյանը վերջերս խոստովանեց, որ դեռ 2011 թվականին Կազանում համաձայնվել էր Ղարաբաղի հինգ շրջանները հանձնել Ադրբեջանին՝ Արցախի կարգավիճակի հարցը անորոշ ժամկետով հետաձգելու պարագայում:

Ու եթե ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի հարցի կարգավորման ոչ հայանպաստ տեսակետը մերժվեց, ինչի արդյունքում ինքն ու իր թիմը հեռացան պաշտոններից ու վերջ, ապա Սերժ Սարգսյանի պարագայում ունենք մարդկային ու տարածքային կորուստներ և նորերն էլ չեն բացառվում, ուստի նա ու իր թիմը շատ լուրջ մտածելու բան ունեն:

-Կարծում եք Սարգսյանին միջազգային կառույցները ժականակ չե՞ն տա, որպեսզի գալիք ընտրություններով ամրապնդի իր իշխանությունը, նոր միայն խոսեն զիջումների մասին:

-Սարգսյանն արդեն երկու անգամ ողջ աշխարհին խաբել է ու այս անգամ նրան պարտադրելու են գնալ զիջումների մինչև ընտրություններ, իսկ համաձայնվելու արդյունքյում նա հրաժարականից խուսափել չի կարող: Իսկ եթե չհամաձայնվի, ապա քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ նոր պատերազմում իր գլխավորությամբ պարագայում մեր կորուստներն ավելի մեծ կլինեն։ Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանն աթոռը պահել չի կարող:

Առհասարակ, աշխարհի ուժի կենտրոնների աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային հակասությունները մեզ հնարավորություն էին տալիս մանևրելու, ու եթե այժմ Արևմուտք-ՌԴ հակամարտությունն այնքան է սրված, որ թվում է թե ոչ մի հարցում համաձայնության չեն գա, ապա Սարգսյանին «պատժելու» հարցում բոլորը միակամ են, որովհետև անհուսալի գործընկերոջ ու «քցողի» նրա համբավը ստիպում է նրան ոչ մի կողմից աջակցություն չակնկալել, անկախ նրանից պատրաստ է զիջումների թե պատերազմի: Բայց պատժելով Սարգսյանին՝ հարվածի տակ կհայտնվի նաև ՀՀ–ն։ Ուստի այս իրավիճակը քաղաքական ուժերին ու հանրության լայն շրջանակներին պարտավորեցնում է նոր որակի համախմբման գնալ՝ հաղթական արդյունքի հասնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը