Հարցազրույց

17.05.2016 20:45


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ինտերֆաքս» գործակալության հարցերին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ինտերֆաքս» գործակալության հարցերին

Ինտերֆաքս. Պարոն նախարար, ի՞նչ կարող եք ասել Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առաջարկությունների վերաբերյալ, որոնց մասին Ռուսաստանի արտգործնախարարը հիշատակեց երեկ Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Էդվարդ Նալբանդյան. Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձևավորման, լուծումների որոնման նպատակով:

Որևէ կասկած չկա, որ վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը, և դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին նշել են նաև համանախագահները, այդ թվում՝ նաև Լավրովը. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ:

Վերջին տարիներին մենք սերտորեն աշխատում էինք փոխզիջումային ձևակերպումների ուղղությամբ և անգամ բազմիցս մոտ ենք եղել լուծումների, բայցև ադրբեջանական կողմը բազմիցս հետքայլ է արել:

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարումը, որոնց մասին նշվում է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարի հայտարարության մեջ, այն է՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառության վերահաստատումը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի կատարումը, սեղմ ժամկետներում զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը. այս համաձայնությունների կատարումը ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ՝ բանակցային գործընթացը վերսկսելու, խնդրի հանգուցալուծման չափորոշիչները համաձայնեցնելու, փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելու համար:

Ինտերֆաքս. Որքանո՞վ է իրատեսական, որ Վիեննայի նշված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:

Էդվարդ Նալբանդյան. Համանախագահները բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը վերահաստատելու կարևորության մասին, ներառյալ՝ այդ երկրների նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ոչ միայն խոսքով, այլ նաև գործով է հաստատել իր հանձնառությունը խաղաղ կարգավորմանը:

Համանախագահ երկրները բազմաթիվ անգամներ կոչ են արել հիմնահարցի բոլոր կողմերին անշեղորեն կատարելու 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը մշտապես արհամարհում էր այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին միջազգային կազմակերպություններում այդ փաստաթղթերի դեմ, ես կասեի, «պարտիզանական պատերազմ» էր վարում՝ փորձելով հարցականի տակ դնել դրանց վավերականությունը: Համանախագահները անհապաղ համապատասխան արձագանք տվեցին այս փորձերին ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում:

Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը բազմից ընդգծվել է, այդ թվում՝ 2011 և 2012թթ. Սոչիում ընդունված՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, և բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով համանախագահ երկրների համատեղ հայտարարությունում: Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում էր դրա ստեղծումը:

Այն, որ համանախագահ երկրների նախարարներն առաջին անգամ ներկա էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին, ցույց է տալիս, թե համանախագահ երկրներն ինչպիսի հատուկ կարևորություն են տալիս նոր լարվածության կանխարգելմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար:

Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը