Լրահոս

02.12.2010 17:35


Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։
Նախատեսվող փոփոխություններն ու լրացումները միտված են ծխախոտի օգտագործման և դրա հետևանքով առաջացող հիվանդությունների նվազեցմանը, ընդհանուր առմամբ' հանրային առողջության պահպանմանն ու առողջ ապրելակերպի հաստատմանը։ «Կարծում եմ' առողջ կենսակերպ պետք է ապահովենք նաև զանգվածային լրատվական միջոցների մասնակցությամբ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր ծխողների քանակով, մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառման ծավալներով և բոլոր այն հիվանդություններով, որոնք առնչվում են ծխելու հետ, նույնպես ՀՀ-ն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մահացության դեպքերն անթույլատրելի բարձր են։ Ակնհայտ է, որ սա մեծ չարիք է, և սրա դեմ պետք է պայքարենք բոլորս միասին»,- նշել է վարչապետը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Քննարկելով ԱԺ մի խումբ պատգամավորների' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը' կառավարությունն այն համարել է ոչ նպատակահարմար, նկատի ունենալով, որ գործունեության այն տեսակները, որոնց համար արտոնություն են նախատեսում նախագծի հեղինակները, հատուկ է ոչ թե փոքր և միջին ձեռնարկություններին, այլ խոշոր կարողություններ և մեծ շրջանառություն ունեցողներին։ Այս կապակցությամբ գործադիրի ղեկավարն ասել է. «Խոսքն անշարժ գույքի շուկայում աշխատող ընկերությունների մասին է, որոնք գնահատողներ են, համապատասխան պետական գործընթացներ են անցնում, ստանում են թույտվություն աշխատելու այդ շուկայում, և հիմա առաջարկություն կա, որպեսզի այդ կազմակերպություններին հանենք ԱԱՀ վճարող կազմակերպությունների ցանկից, ինչը, ԵվԲԱԽ-ի բոլոր մասնակիցների կարծիքով, թույլատրելի չէ, որովհետև դա այնպիսի գործառույթ է, որը ենթադրում է ինտելեկտուալ աշխատանք, և հասկանալի է, որ այդ գործառույթով զբաղվող մարդիկ ի վիճակի են ԱԱՀ-ի հաշվառում իրականացնել։ Ընդհանրապես ցանկալի չէ, որ ՀՀ-ում ստեղծվեն այդպիսի օազիսներ, որտեղ հայտնվեն սուբյեկտներ, որոնք ազատվում են ԱԱՀ-ից, մանավանդ եթե այդ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներն այդ պարզ հաշվառումն իրականացնելու բոլոր կարողություններն ունեն։ Դրա համար այդ գործունեության տեսակը տրամաբանական չէ հանել ԱԱՀ ցանկից և տալ արտոնություն»։
Հավանության արժանացած նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը