Հարցազրույց

14.05.2016 23:10


«Համապարփակ լուծումներին Ս. Սարգսյանը պատրաստ չէ, որովհետև ՀՀ-ում և Արցախում նրան չեն վստահում»

«Համապարփակ լուծումներին Ս. Սարգսյանը պատրաստ չէ, որովհետև ՀՀ-ում և Արցախում նրան չեն վստահում»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի հետ:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կարգավորման հասնելու համար հանդես են եկել հայտարարությամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակն է: Ի՞նչ եք կարծում՝ պատրա՞ստ են երկու երկրների նախագահները հանդիպելու:

-Մենք բանակցությունների մանրամասներին տեղյակ չենք, և կարող ենք մեր տեսակետները կառուցել միայն բաց աղբյուրների վրա հենվելով: Ինչ վերաբերում է նրանց պատրաստ լինելու հարցին, ապա դա կախված է այն բանից, թե ինչի շուրջ են բանակցությունները ընթանում: Եթե հրադադարի դադարեցման մասին է խոսքը գնում, ապա Սերժ Սարգսյանը պատրաստ է, ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ինձ թվում է, որ` ոչ:

Դա է ցույց տալիս նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանը շփման գծին մոտ զորամասեր կառուցելու մասին, ինչպես նաև ռազմական ուժի և տեխնիկայի կուտակումները շփման գծի մոտ: Ադրբեջանը պատրաստվում է այս լարվածությունը երկար պահել: Դա իրենց մարտավարությունն է: Իսկ եթե խոսքը գնում է համապարփակ լուծումների մասին, ապա դա ենթադրում է փոխադարձ զիջումներ, ինչին, իմիջիայլոց, Ադրբեջանը չի համաձայնում, ապա Սերժ Սարգսյանը դրան պատրաստ չի, որովհետև Հայաստանում և Արցախում նրան չեն վստահում: Դա շատ լավ է հասկանում ինքը Սերժ Սարգսյանը, ինչպես նաև` արդեն միջնորդները: Եթե սեղանին լուրջ ծրագիր դրվի, ապա կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը կորոնի եղանակներ իշխանությունից հեռանալու համար:

-Համանախագահող երկրների ԱԳ նախարարները պատրաստակամ են նպաստելու Վիեննայում կայանալիք հանդիպմանը, որի նպատակը հրադադարի ռեժիմի ամրապնդումն է, փոխադարձ վստահության մթնոլորտի համար անհրաժեշտ համաձայնության ձևավորումը: Եթե շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, հնարավո՞ր է, որ բանակցությունները հաջողություն ունենան:

-Եթե խոսքը գնում է հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին, ապա բնականաբար, լարվածությունը պատճառ է հանդիսանում նման բանակցություններն ավելի ինտենսիվ կազմակերպելու համար: Իմ կարծիքով Ռուսաստանի պատասխանատուների պարբերաբար հնչող արտահայտությունները, որ եռանախագահների մեջ այդ հարցում տարաձայնություններ չկան, բլեֆ չէ, այլ իրականությանը համապատասխանում է:

-Տարիների փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնության հասնելը գրեթե անհնար է, և եթե այս անգամ էլ Ադրբեջանի հետ բանակցություններն անհաջողության մատնվեն, ի՞նչ այլ միջոց կարող է թշնամուն պարտադրել համաձայնագրի:

-Գոյություն ունի միայն մեկ միջոց` բանակի արդիականացում բոլոր առումներով` առաջին հերթին կառավարման նոր մոդելների ներդրմամբ, ինչի համար անհրաժեշտ է տնտեսության զարգացում, ինչի համար անհրաժեշտ է քաղաքական համակարգի փոփոխությունը, ինչի համար անհրաժեշտ է օրենքի իշխանություն և ազատ ու արդար ընտրություններ: Կարծում եմ, որ գործող իշխանությունը դրան պատրաստ չի:

-Հայաստանի կողմից ԼՂՀ հնարավոր ճանաչումն ապացույցը կլինի , որ Հայաստանը նույնպես տիրապետում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն փոխելու լծակներին: Լեռնային Ղարաբաղում ինչպիսի՞ակնկալիքներ ունեն, ի՞նչ էական ազդեցություն կամ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության և միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը:

-Միջազգային հանրությունը թե ինչ կանի, դա միջազգային հանրության խնդիրն է: Մենք մեր խնդիրը պետք է դնենք, որի համար պետք է ճանաչել Արցախի անկախությունը, իսկ թե տարբեր միջազգային խաղացողներն ինչ կանեն, դա արդեն իրենց որոշելիքն է: Թող նրանցից ամեն մեկը հստակեցնի իր շահերը և համապատասխան որոշում կայացնի:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Այս խորագրի վերջին նյութերը