Լրահոս

16.10.2010 09:39


Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել է հայ–թուրքական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու անհրաժեշտությունը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Կ.Հովհաննիսյանը այս օրերին' հոկտեմբերի 14-16-ին, Միացյալ Թագավարությունում մասնակցում է Դիչլի հիմնադրամի «ԵՄ-ի և Ռուսաստանի ընդհանուր հարեւանություն» թեմայով գիտաժողովին: Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպական Միությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից ժամանած առաջատար քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ ընթացող գիտաժողովը նախագահում է Սիր Ռոդրիկ Բրաթվեյթը' նորանկախ Հայաստանի Հանրապետությունում եւ հարեւան երկրներում Նորին Գերազանցության առաջին դեսպանը:

Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանին, Եվրոպային ու նրանց «հարեւանությանը» նվիրված լիագումար նիստում, ի թիվս այլոց, դեսպան Փիթեր Սեմնեբին, ռուս վերլուծաբան Սերգեյ Կարագանովը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը Վրաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա եւ Իրան-Անդրատլանտյան առանցքներով առկա երեք անհաղթահարելի բաժանարարների լույսի ներքո անդրադարձան Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններին ու Հայաստանի եւ տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը: Այս խորապատկերին Հովհաննիսյանը հիշատակել է Հայաստանի ինքնիշխանությունն ու քաղաքականության դիվերսիկացիան ամրապնդելու եւ խորացնելու հրամայականը, որը կհենվի Մոսկվայի ու Երեւանի միջեւ իրապես փոխադարձ «ռազմավարական» հարաբերության վրա:

Այնուհետեւ, Հովհաննիսյանը կարևորել է թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու անհրաժեշտությունը, այն դիտարկելով ոչ թե իբրեւ «Արեւմտահաճո» մի ցուցափեղկ, որի փայլով այդքան հաճախ արդարացվում ու ամրապնդվում է բանակցող կողմերի թույլ լեգիտիմությունը, այլեւ որպես ճշմարտության եւ Հայոց Մեծ Հայրենազրկման ու Ցեղասպանության էջը հիմնովին փակելու միջոցով դեպի իրական հաշտեցմանը հասնելու նոր ու խիզախ մի ուղի: Լեռնային Ղարաբաղի ու համանման կարգավիճակ ունեցող այլ միավորների մասին խոսելիս նա անընդունելի է համարել «sui generis» արհեստական իրավական կառուցակարգերը, որոնք հարամարեցվում են քաղաքական նախատրամադրվածություններին եւ հորինվում մի ազգի իքնիշխանությունն այլոց իքնիշխանության բացառման հաշվին զորակցելու նպատակներով. թե Արեւմուտքը եւ թե Ռուսաստանն արդեն իսկ ներգրավված են միջազգային իրավական չափանիշների այդպիսի ընտրողական կիրառության գործընթացներում, մինչդեռ վաղուց ժամանակն է ճանաչել «sui generis»-ի նախակարապետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Այս խորագրի վերջին նյութերը