Մեկնաբանություն

14.05.2016 00:03


Կարո՞ղ էր ավելի վատ լինել

Կարո՞ղ էր ավելի վատ լինել

Սերժ Սարգսյանը մի քանի «փրկարար օղակներ» ունի: Հենց որ քաղաքական սխալ որոշում է կայացնում ու վնաս տալիս պետությանը և ՀՀ քաղաքացիներին (իսկ դա հաճախ է պատահում), հայտարարում է, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

Սեփական սխալներն արդարացնելու մյուս բանաձևը, որով փորձ է արվում նաև ձախողումները ներկայացնել որպես ձեռքբերումներ, «կարող էր ավելի վատ լինել»-ն է:

Երբ տնտեսական մեծ անկում է գրանցվում, և Հայաստանն այդ առումով հայտնվում է վատագույնների շարքում, հայտարարվում է, թե կարող էր ավելի վատ լինել:

Հայ-թուրքական «ֆուտբոլը» խայտառակ արդյունքներ է գրանցում, էլի ասում են, որ կարող էր ավելի վատ լինել:

Մարդիկ արտագաղթում են, սրանք թե բա՝ կարող էր ավելի վատ լինել, ու ավելի շատ մարդ հեռանար Հայաստանից, ուստի այնքան էլ սարսափելի չէ արտագաղթի ծավալը:

Ապրիլյան առաջին չորս օրերին Ղարաբաղում թեժ մարտեր տեղի ունեցան, և մենք հսկայական կորուստներ ունեցանք: Չորս օրում (զոհերի մեծ մասը տվել ենք ապրիլի 2-ին՝ մի քանի ժամում) ավելի քան հարյուր զոհ, տասնյակ վիրավորներ և կորցրած դիրքեր: Ցինիզմն ու դեմագոգիան հասել են այնտեղ, որ սա էլ է «սվաղվում»:

«Կարող էր ավելի վատ լինել, և մենք ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային ավելի շատ կորուստներ ունենայինք: Հետևաբար, պետք է վատի մեջ լավը տեսնել և ուրախանալ, որ հակառակորդը մի քիչ է առաջ եկել»:

Սա՛ է իշխանությունների բացատրությունը, և սա՛ է փորձ արվում մատուցել որպես հաղթանակ:

Սարգսյանն այժմ պատրաստվում է Ղարաբաղի հարցով բանակցությունների: Հուսանք, որ «ներազգային միասնության» շրջանակներում նա պատրաստակամություն չի հայտնի հանձնել ազատագրված շրջանները ու հետո հանձնելը ներկայացնել որպես հաղթանակ՝ հայտարարելով, թե կարող էր ավելի վատ լինել:

Այս ամենից ելնելով՝ կարելի է միայն մեկ եզրահանգում անել՝ Սերժ Սարգսյանը որևէ պետական առաքելություն չունի: Նա անարդյունավետ ղեկավար է: Ու սա այն դեպքն է, երբ հնարավոր չէ ասել, թե կարող էր ավելի վատ լինել: Ավելի վատ չի լինում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը